ԱԽՔ-ը՝ 070 կոդի անձնագրով ՀՀ լիարժեք քաղաքացի. արցախահայերին խաբո՞ւմ են. Yerkir.am
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀաշվի առնելով 2023 թ. սեպտեմբերին արցախահայության բռնագաղթն ու դրանով պայմանավորված նոր իրողությունները, մասնավորապես, Արցախի Հանրապետության քաղաքացիներին ՀՀ քաղաքացի չհամարելու քաղաքականությունը՝ 070 կոդով անձնագրերը ոչ թե ՀՀ քաղաքացիության անձնագիր, այլ իբրև ճամփորդական փաստաթուղթ ներկայացնելու փաստը, Yerkir.am-ը հարցում էր ուղարկել ՀՀ անվտանգության խորհրդի գրասենյակ՝ պարզելու, արդյո՞ք Արցախում ծնված և մեծացած, Արցախի Հանրապետությունում գրանցում ունեցած Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն անցել է այն նույն իրավական գործընթացը, ինչն այսօր պարտադրվում է արցախահայությանը: Այն է՝ Արմեն Գրիգորյանն ունի՞ ՀՀ քաղաքացիություն, եթե այո, ապա ե՞րբ է ստացել այն, ե՞րբ և ու՞մ (անձնագրային ո՞ր ստորաբաժանման) կողմից է ստացել ՀՀ քաղաքացիության անձնագիրը:
Անվտանգության խորհրդի գրասենյակը գրավոր պատասխանել է, որ Արմեն Գրիգորյանն ունի ՀՀ քաղաքացիություն, ինչպես նաև ՀՀ քաղաքացիության անձնագիր, որը ստացել է 2018 թ. մարտի 5-ին:
Անվտանգության խորհրդի գրասենյակը շատ հմտորեն շրջանցել է ու չի պատասխանել մեր կարևոր հարցերից մեկին՝ ու՞մ (անձնագրային ո՞ր ստորաբաժանման) կողմից է ստացել Արմեն Գրիգորյանն իր այդ ՀՀ քաղաքացիության անձնագիրը:
Մեր ձեռքի տակ է Արմեն Գրիգորյանի՝ 2018 թ. մարտի 5-ին ստացած այդ անձնագիրը, որը նա ստացել է, ուշադրություն, Արցախից, քանի որ անձնագրում առկա է 070 կոդը, իսկ գրանցման հասցեն եղել է Արցախի Հանրապետության Մարտունի քաղաքի Ուլուբաբյան փողոցի համապատասխան տունը (գրանցման ամսաթիվը՝ 2001 թվականի մարտի 30):
Փաստենք, որ Արմեն Գրիգորյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Անվտանգության խորհրդի քարտուղար է նշանակվել 2018 թվականի մայիսի 17-ին, նշված (070 կոդով) անձնագրով: ԱԽՔ նշանակվելուց 3 ամիս անց՝ 2018 թ. օգոստոսի 15-ին, Արմեն Գրիգորյանը նույն 070 կոդով Արցախի իր անձնագրում կատարել է միայն գրանցման հասցեի փոփոխություն՝ հաշվառվելով Երևանի Արաբկիր վարչական շրջանի Վաղարշյան փողոցի համապատասխան բնակարանում: Ըստ երևույթին՝ Արմեն Գրիգորյանը դրանից հետո էլ շարունակել է գործածել նշված անձնագիրը, չի բացառվում՝ մինչ օրս էլ Արմեն Գրիգորյանի անձնագիրը դա է, քանզի վավերականության ժամկետը մինչև 2028 թ. մարտի 5-ն է:
Վերոնշյալից ստացվում է հետևյալը.
ա. Անվտանգության խորհրդի գրասենյակը իր գրավոր պատասխանով Արցախի Հանրապետությունում գործած (070 կոդով տրված) անձնագիրը լիարժեքորեն համարում է ՀՀ քաղաքացիության անձնագիր, իսկ այդ անձնագիրը կրողին՝ ՀՀ քաղաքացի (տե՛ս ԱԽՔ-ի օրինակը):
բ. Արցախի Հանրապետության 070 կոդով անձնագրով, իբրև լիարժեք ՀՀ քաղաքացի, 2018 թ. մայիսի 17-ին Արմեն Գրիգորյանը նշանակվել է պետական բարձրագույն պաշտոններից մեկին՝ Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնին:
գ. Արցախի Հանրապետության 070 կոդով անձնագիրը չի համարվել ճամփորդական փաստաթուղթ, և Արցախի Մարտունի քաղաքում հաշվառում ունեցող Արմեն Գրիգորյանը չի անցել այն նույն իրավական գործընթացը, ինչն այսօր պարտադրվում է արցախահայերին: Այն է՝ Արմեն Գրիգորյանը դիմում չի ներկայացրել ՀՀ քաղաքացիություն ստանալու համար, և վերջինիս 070 կոդով անձնագիրը համարվել է ՀՀ քաղաքացիության անձնագիր, իսկ ինքը՝ ՀՀ քաղաքացի:
Ինչո՞ւ Փաշինյանի իշխանությունը նույկերպ չի վարվում բազմահազար արցախահայության հետ, և ի՞նչ նպատակ է հետապնդում այդ ամենը, բոլորովին այլ քննարկման հարցեր են:
Հ.Գ. Սեփական հայրենիք Արցախը Ադրբեջանի մաս ճանաչելն ու անմնացորդ ծառայելը Փաշինյանի իշխանությանը՝ արդեն իսկ խոսում է Արմեն Գրիգորյանի բարոյական նկարագրի մասին, և այս փաստը մի փոքրիկ հավելում է այդ ամենին: