Համաձայնվե՛ք, որ արյnւն չթափվի
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍահմանազատման ու սահմանագծման արձանագրության ստորագրումից հետո՝ նախօրեին, Կիրանցի բնակիչների հետ Տավուշի մարզպետ Հայկ Ալումյանն է հանդիպել։ Եվ չնայած հանդիպումն անցել է փակ դռների ետևում ու գերլարված մթնոլորտում, միևնույն է, գյուղացիները հօգուտ իրենց ոչինչ չեն լսել մարզպետից։
Կիրանցի հարևանությամբ Աճարկուտ գյուղի բնակիչ Կարեն Ղազարյանին հանդիպմանը չեն թողել, բայց աճարկուտցիները ևս հարցեր ունեին, քանի որ Կիրանցի հողատարածքները հանձնելուց հետո Աճարկուտը 3 կողմից կհայտնվի շրջափակման մեջ։
«Հանդիպումից հետո փորձեցի դպրոցի բակում մարզպետին մի քանի հարց ուղղել, բայց ոստիկանները չթողեցին։ Արագ-արագ նա տեղավորվեց մեքենայում, ու շտապ հեռացան։ Բայց դա խնդրի լուծում չէ»,- MediaHub-ին իր մտագոհությունը հայտնեց Կարեն Ղազարյանը։
Մարզպետի հետ հանդիպումից մնացած հիմնական միտքը «համաձայնվե՛ք պետության կողմից փոխհատուցմանը, որ արյուն չթափվի» արտահայտությունն է, որ մարզպետն ասել է գյուղի բնակիչներին։
«Իմ ունեցած տեղեկություններով՝ երեկ բարձր մակարդակով նաև Տիգրանաշեն գյուղի բնակիչների հետ է հանդիպում եղել։ Առաջարկել են, որ պետությունը կփոխհատուցի ունեցվածքի կորստի դիմաց, միայն թե համաձայնվեն դուրս գալ։ Որքանով ես եմ տեղյակ, տիգրանաշենցիները համաձայնվել են, բացառությամբ 2-3 հոգու։ Հասկանո՞ւմ եք, նույն Արցախի սցենարն է․ հանձնել Բերձորն ու Աղավնոն, շատ չանցած` ամբողջ Արցախն առնել շրջափակման մեջ։ 4 անկլավը հանձնելուց հետո Հայաստանում էլ դա անխուսափելի է»,- ասաց նա։
Մարզպետի այցից հետո Կիրանցի և հարևան գյուղերի բնակիչները ժամանակավորապես բացել են Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը։ Կարեն Ղազարյանն ասաց, որ այս պահին իրենց մոտ միայն հիասթափություն է, կատարվածը՝ սահմանապահ գյուղացիների հանդեպ՝ սրիկայություն։
«Գյուղացիները մնացել են միայնակ ու քննարկում են ամենադժվար հարցը՝ «ի՞նչ անել», չգիտենք»,- եզրափակեց նա։
Հունան Թադևոսյան