«Քաղաքագետը բացատրել է, թե ինչ հանգամանքներում Փաշինյանը հրաժարական կտա»
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը կլինի միայն այն դեպքում, եթե դա ցանկանա քաղաքական վերնախավը։ Այս մասին ura.news-ի հետ զրույցում ասել է քաղաքագետ, Հումանիտար և քաղաքական հետազոտությունների միջազգային ինստիտուտի փորձագետ Վլադիմիր Բրուտերը։
«Եթե Հայաստանում քաղաքական վերնախավի մի զգալի հատվածի համար ձեռնտու լինի Փաշինյանին տապալելը, ապա միգուցե ինչ-որ բան ստացվի։ Բայց դա չի նշանակում, որ հրաժարականը կարող է տեղի ունենալ հենց հիմա: Իմ կարծիքով վերնախավից Փաշինյանին գործնականում սպառնացող ոչինչ չկա։
Բայց ամեն ինչ կարող է փոխվել. այդ բողոքներն այսօր նրա համար խնդիրներ չեն ստեղծում։ Մենք տեսնում ենք, թե ինչպես է նա իրեն բավական ագրեսիվ պահում և չի պատրաստվում լսել ընդդիմության պահանջները։
Հայերի մեծ մասը, իհարկե, չի աջակցում Ռուսաստանի հետ հարաբերությունների խզմանը, բայց քաղաքական վերնախավն ընդհանուր առմամբ աջակցում է: Եվ հասարակ մարդիկ ոչինչ չեն կարող անել դրա դեմ»,- ասել է Վլադիմիր Բրուտերը։
Քաղաքագետի կարծիքով Հայաստանում բողոքի ցույցերը պայմանավորված են նրանով, որ հասարակությունը չի տեսնում երկրի ազգային շահերի պաշտպանություն։
«Ողջ հին թիմը, որը եղել է Փաշինյանից առաջ, քաղաքականապես լիկվիդացվել է, նրա տեղում չկա այն նորը, որը կարող է պաշտպանել հասարակության շահերը։ Խոսքն այստեղ ոչ թե ռուսամետ ուղղվածության, այլ ընդհանրապես ազգային ուղղվածության մեջ է։
Հայաստանը շատ հեշտությամբ և առանց որևէ դիմադրության զիջեց իր բոլոր շահերը Ղարաբաղում և նրա շուրջը։ Եվ հիմա Փաշինյանը մարդկանց չի բավարարում, քանի որ նա հրաժարվել է ազգային շահերի մի զգալի մասից»,- նշել է Բրուտերը։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը