ԱՄՆ-ն փորձում է կանխել Նեթանյահուի նկատմամբ ՄՔԴ-ի ձերբակալման օրդերի հրապարակումը
ԻՐԱՎՈՒՆՔՄիացյալ Նահանգները դիվանագիտական ջանքեր է գործադրում, որ թույլ չտա Միջազգային քրեական դատարանին ձերբակալության օրդեր տալ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի և իսրայելցի այլ պաշտոնյաների դեմ:
Իսրայելական 12-րդ ալիքն անցած շաբաթ հայտնել էր, որ Իսրայելն ավելի ու ավելի է անհանգստանում այն հնարավորությամբ, որ ՄՔԴ-ն Նեթանյահուի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ ձերբակալության օրդեր կտա Գազայում միջազգային իրավունքի խախտման համար:
Հրապարակման մեջ ասվում է, որ Նեթանյահուի գրասենյակը շտապ քննարկում է անցկացրել այդ հարցի շուրջ։
Իսրայելի կառավարությունն աշխատում է այն ենթադրությամբ, որ ՄՔԴ-ի գլխավոր դատախազ Քարիմ Խանը կարող է այս շաբաթ Նեթանյահուի, պաշտպանության նախարար Յոավ Գալանտի և Իսրայելի բանակի շտաբի պետ Հերզի Հալևիի ձերբակալության օրդեր արձակել, հայտնում է Haaretz-ը:
ԱՄՆ-ն, որն ինչպես և Իսրայելը չի դասվում այն 124 երկրի շարքը, որոնք ստորագրել են Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտը, արդեն ներգրավված է՝ գործադրելով ձերբակալության օրդերն արգելափակելու ջանքեր, նշում է Haaretz-ը:
Walla լրատվական կայքը մատնանշում է, որ Նեթանյահուն «անսովոր սթրեսի մեջ է»՝ կապված իր դեմ ձերբակալության օրդեր տալու հեռանկարի հետ: Նշվում է, որ նա անդադար «հեռախոսային բանակցություններ է վարում»՝ կանխելու ձերբակալության օրդերի հրապարակումը. նրա ջանքերի թիրախում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն է:
Խանը հոկտեմբերին ասել էր, որ իր թիմն ակտիվորեն հետաքննում է Գազայում կատարված ցանկացած հանցագործություն, և որ նրանք, ովքեր խախտել են օրենքը, պատասխանատվության կենթարկվեն:
Ուրբաթ օրը Նեթանյահուն հայտնել է, որ ՄՔԴ-ի ցանկացած որոշում չի ազդի Իսրայելի գործողությունների վրա, այլ վտանգավոր նախադեպ կստեղծի։