Փաշինյանի գիշերային սարսափը. զինվորականների դեմ քրգործ են հարուցել
ԻՐԱՎՈՒՆՔՏավուշի մարզում ընդդեմ սահմանազատման բողոքի ակցիա անողներին երեկ երկու տասնյակ զինծառայողներ էին միացել, ինչը իսկական իրարանցում ու խուճապ էր առաջացրել գործող վարչախմբի շարքերում։ Նախ Պաշտպանության նախարարությունն էր որոտընդոստ մի հայտարարություն տարածել՝ սպառնալով պատժել զինվորականներին, ապա և քննչական կոմիտեն երկու զինծառայողի պարտադրել էր ուղերձով հանդես գալ, հայտարարել, որ գնացել են պահի ազդեցության տակ և զղջում են։ Նույնիսկ այդ զղջումից հետո Փաշինյանի անձնական օգտագործման ՔԿ-ն չի հանդարտվել, քրեական վարույթ է հարուցել. մտադիր են այդ երկու տասնյակ զինծառայողներին պատժել, այն էլ հրապարակավ, օրինակ, ուղարկել այլ վայրեր ծառայելու, կոչումներն իջեցնել։ Զինծառայողների միանալը բողոքի ակցիաներին՝ գործող վարչախմբի համար, թերևս, ամենամտահոգիչ դեպքն է, որ վերջին օրերին տեղի է ունենում։ Դա ցույց է տալիս, որ ուժային կառույցներում բավական լուրջ ցնցումներ են ընթանում, ու Փաշինյանը լուր ունի, որ դրսից էլ են բանակի հետ լավ աշխատում, ուզում են բանակում հակաիշխանական տրամադրություններ սերմանել։ Նիկոլ Փաշինյանը հրաշալի հասկանում է դրա վտանգը, քանի որ համարում է, որ իր «հեղափոխության» առանցքային դրվագներից մեկը 2018 թ. ապրիլին խաղաղապահ բրիգադի միանալն էր ցուցարարներին։ Պատահական չէ ոչ ՊՆ-ի արագ արձագանքը, ոչ էլ զինվորականներին հրապարակավ, տեսանյութերով նսեմացնելու գործողությունը։ Նիկոլ Փաշինյանը այսկերպ բռնում է սեփական կուսակիցների վախը, նաև զինվորականությանն է ուղերձ հղում, որ յուրաքանչյուր ընդդիմադիր քայլ կարժանանան նման վերաբերմունքի։