Դատարանը հեռացավ` Մալյանի գործով վճիռ կայացնելու
ԻՐԱՎՈՒՆՔԵրևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում, դատավոր Սուսաննա Գզոգյանի նախագահությամբ, ընթանում է հասարակական գործիչ Նարեկ Մալյանի գործով դատական նիստը: Այսօրվա նիստում դատարանը պետք է հրապարակի վերդիկտը` մեղավո՞ր, թե՞ անմեղ է ճանաչում Մալյանին: Մինչ նիստի մեկնարկը մի խումբ քաղաքացիներ, հասարակական-քաղաքական գործիչներ, դատարանի բակում իրենց աջակցությունն են հայտնում Մալյանին։ Բոլորի ձեռքին կա «Ազատություն քաղբանտարկյալներին» գրությամբ և Մալյանի լուսանկարով պաստառներ:
Նիստերի դահլիճը լեփ-լեցուն է: Մալյանը նիստին քաղաքական գնահատականներ էր հնչեցնում, իսկ դատավոր Գզոգյանը հորդորեց խոսել բացառապես նիստի և քրեական վարույթին վերաբերելի, սակայն ասաց, որ սիրով է կարդում Մալյանի գրվածքները և եթե էլի փոխանցի իրեն, նորից կկարդա:
Պաշտպանական կողմն իր եզրափակիչ ելույթներում շարունակեց այն միտքը, որ խոսքը գնում է քաղաքական հետապնդման մասին: Մալյանի գնահատմամբ՝ առնվազն 11 ապօրինություն կա իր գործում: «Այն դատավորը, որ վավերացնում է վերևից իջեցված քաղաքական պատվերի ապօրինությունները, դրա տակ ստորագրություն է դնում, ապա ուղիղ կրում է այդ ապօրինությունների պատասխանատվությունը»,- նշեց Մալյանը՝ հավելելով, որ խոսքը չի վերաբերում գործը քննող դատավորին, քանի որ նրա դիրքորոշումը դեռ պարզ չէ իր համար:
Հանրային մեղադրողն իր հակափաստարկները ներկայացրեց պաշտպաններ` Ռուբեն Մելիքյանի, Տիգրան Աթանեսյանի և մեղադրյալ` Նարեկ Մալյանի եզրափակիչ ելույթների վերաբերյալ, պաշտպաններն էլ հակադարձեցին՝ նշելով, որ հանրային մեղադրողի ճառը հետաքրքիր չէ, քանի որ հիմնված չէ իրավական փաստերի վրա:
Նարեկ Մալյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հասարակության լայն զանգվածներին հասանելի «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր անհատական էջի միջոցով, 2023 թվականի սեպտեմբերի 19-ին, «ուղիղ եթեր» հեռարձակմամբ հրապարակել է տեսաձայնագրություն, որում փաստացի լուսաբանելով տվյալ պահին Երևան քաղաքի Հանրապետության հրապարակում տեղի ունեցող իրադարձությունները՝ հանդես է եկել ՀՀ-ում գրանցված և գործող` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության` իրենց առաջնորդին սատարող անդամների հասցեին հայհոյանքներ տալու և նրանց հարազատների նկատմամբ քողարկված վիրավորական արտահայտություններ կատարելու հրապարակային խոսքով, այդ կերպ քաղաքական հայացքներով պայմանավորված՝ քարոզելով և հրահրելով ատելություն ու անհանդուրժողականություն անձանց հիշյալ խմբի նկատմամբ, միաժամանակ հանձն առնելով պարզել և տրամադրել վերջիններիս` նրանց հարազատների տվյալներն ու բնակության հասցեները, ինչպես նաև առաջնորդել որոշակի գործողություններ կատարելու համար, հրապարակային խոսքի փաստական իմաստն ընկալվել է մի շարք հասցեատերերի կողմից, ովքեր և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կամ նրա առանձին անդամների նկատմամբ բռնություն գործադրելու առաջարկներով մեկնաբանություններ են թողել վերը նշված տեսաձայնագրության ներքո: