Ադրբեջանը Ֆրանսիային մեղադրել է «իր տարածքում լրտեսական ցանց ստեղծելու» մեջ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱդրբեջանի Պետական անվտանգության ծառայության ղեկավար Ալի Նագիևը հայտարարել է, թե իբր Ֆրանսիան իր հատուկ ծառայության ներկայացուցիչների միջոցով լրտեսական ցանց է ձևավորում Ադրբեջանի տարածքում։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Նագիևի խոսքով՝ Փարիզը, իբր, «Հարավային Կովկասում խաղաղությանը աջակցելու փոխարեն Հայաստանին զենք և զինամթերք է մատակարարում, ինչպես նաև իր հետախուզական ծառայության ներկայացուցիչների միջոցով գաղտնի համագործակցության է ներգրավում տարբեր անձանց, ստեղծում է լրտեսական ցանց և գործում ի վնաս Ադրբեջանի ազգային անվտանգություն»։
Պետական անվտանգության ծառայության ղեկավարը նաև հայտարարել է, թե հատուկ ծառայությանը հաջողվել է տեղեկանալ Ֆրանսիայի գործունեության մասին և օպերատիվ միջոցներ ու քայլեր ձեռնարկել։ Նա նաև մեղադրել է Փարիզին «Հայաստանին հարևան պետության հետ հերթական պատերազմին հրահրելու մեջ՝ փորձելով կյանքի կոչել Հարավային Կովկասի տարածաշրջանը «ռազմի դաշտի» վերածելու իր ծրագիրը»։