Նախագահական համակարգը կազդի ընդդիմադիր դաշտի վրա. Կարո Փայլանը՝ Թուրքիայում կայացած հանրաքվեի մասին
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐՍահմանադրական փոփոխություններով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ցանկանում է ստանալ իշխանություն, որը վերահսկելի չլինի: NEWS.am-ի հետ նման կարծիք հայտնեց Թուրքիայի քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» (HDP) կուսակցության հայ պատգամավոր Կարո Փայլանը՝ անդրադառնալով Թուրքիայում նախօրեին տեղի ունեցած Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին, որի արդյունքներով «Այո»-ն ստացավ 50 տոկոսից ավելի ձայն:
«Նախագահական համակարգը կազդի ընդդիմադիր դաշտի վրա, քանի որ նա, որը ստանում է 50 տոկոսից ավելի ձայն, դառնում է մեծամասնություն եւ կարող է անել, այն ինչ ուզում է»,- նշեց նա:
Փայլանը կրկին հիշեցրեց, որ իրենց կուսակցությունը ցանկանում է խաղաղություն ստեղծել ամեն գնով քաղաքական, ժողովրդավարական, գենդերային հարցերում. «Էրդողանն ամեն կերպ փորձում է ճնշումներ գործադրել ընդդիմադիր կուսակցությունների վրա, նույնը նաեւ քրդական ժողովրդին է վերաբերում, ցավոք սրտի, Էրդողանը կշարունակի իր այդ գործողությունները, բայց մենք շարունակելու ենք պայքարը»:
Նեշքն, որ նախնական տվյալներով, սահմանադրական փոփոխությունների կողմնակիցներն ստացել են 51,2 տոկոս ձայն, ինչը 1,25 մլն-ով ավելի է սահմանադրական փոփոխությունների հակառակորդների ձայներից:
Թուրքիայի Սահմանադրության փոփոխություններով խորհրդարանական կառավարման ձեւից անցում է կատարվում նախագահականի: Նախագահի լիազորությունները զգալիորեն ընդլայնվում են, վարչապետի պաշտոնը՝ վերացվում, իսկ նախագահն իրավունք է ստանում նշանակել փոխնախագահին, նախարարների, դատավորների եւ դատախազների կոլեգիայի անդամներին:
Խորհրդարանականների թիվը 550-ից 600 կդառնա, իսկ թեկնածություն կարող են առաջադրել 18 տարին լրացած քաղաքացիները՝ նախկինում սահմանված 25-ի փոխարեն: Խորհրդարանի եւ նախագահի լիազորությունների ժամկետ է սահմանվում 5 տարին, բայց պետության ղեկավարը պաշտոնը կարող է ստանձնել ոչ ավելի, քան 2 անգամ անընդմեջ: Սահմանադրական փոփոխությունների ընդունման դեպքում նախագահի եւ պատգամավորների ընտրությունները կանցկացվեն 2019 թվականի նոյեմբերի 3-ին: