Պարտված ու խաբված
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐՀայ ժողովրդի արդի հուզականությունն ու արժեհամակարգային ողջ պաշարն օրեցօր մսխվում է իշխանության եկած զանգվածի կողմից։ Ամենօրյա ռեժիմով բոլորս ականատես ենք լինում այդ կազմաքանդման ու ազգակործան գործընթացին, որին հաստատակամ ու ինքնամոռաց տրված է Նիկոլ Փաշինյանը։ Փաշինյանական վարչակազմի ու հայ ազգի տարբերությունն այն է, որ նրանք ապրում են տարբեր զուգահեռ, իրար հետ ոչ մի աղերս չունեցող իրականություններում, և իրենց «ապակե գազանանոցում» իշխանությունները շարունակաբար վարում են հակապետական գործառույթներ։
Ըստ էության՝ աջուձախ թափահարվող «ժողովրդի մանդատ» արտահայտությունն իշխանությունն օգտագործում է՝ որպես ժողովրդին, պետությանը պատկանողն օտարին զիջելու և նույն ժողովրդին պատկանող մնացյալը նրանից խլելու (հնարավոր է՝ հետագայում կրկին օտարին զիջելու նպատակով) ինդուլգենցիա, սրանում բոլորս քանիցս համոզվել ենք։
Ապացուցման կարիք չունի այն պարզ ճշմարտությունը, որ ուժեղի մոտ նվաստանալու ու իրենից թույլին նվաստացնելու սուբլիմացիան հոգեբանական լրջագույն խեղում է։ Հիմա գործնականում այդ ախտանիշով է գործում Հայաստանի ողջ պետական կառավարման համակարգը, որովհետև, եթե անգամ դրանում գտնվողները հասկանում են կատարվողի անթույլատրելիությունը և հնազանդվում են այդ ախտորոշմամբ տառապող մեկին, ակամա այդպիսին են դարձնում պետական կառավարման ամբողջ համակարգը, ավելի լայն իմաստով՝ պետությունն ընդհանուր առմամբ։ Տվյալ դեպքում՝ խոսքը պատկանելության պահանջմունքի մասին է, որն անհատի սոցիալականացման ամենակարևոր գործոններից մեկն է։
Աներկբա է, որ այսօր հայ հանրության գլխավոր խնդիրը պետությանն իր պատկանելությունը վերադարձնելն է՝ այդ հասկացության նեղ և լայն իմաստներով։ Միայն այդ դեպքում հնարավոր կլինի պահպանել ամենայնի հայկական պատկանելությունը՝ սկսած սահմանային գյուղերից՝ մինչև հոգևոր արժեքներ։ Հակառակ պարագայում պատկանելության զգացումից զրկված, բայց իշխանություն ունեցող մարդիկ անելու են հնարավորը՝ ազգին պատկանելությունից զրկելու համար։
Ողբերգական փաստ է այն, որ այսօր մեր երկրի խարիսխն այլևս գոյություն չունի. երազանքներ ու իդեալներ փայփայող 18-25 տարեկանների ողջ սերունդ ննջում է Եռաբլուրում։ Ամբողջ հարցն այն է, որ ոչ միայն նրանք են պարտվել, ու քցվել, ամենաբարձր ու թանկ իդեալիՙ հայրենիքի համար կյանքն են նվիրաբերել, այլ պարտվել ու քցվել ենք բոլորս: Իսկ, երբ իշխանությանը սպասարկող հայտնի «դեմոկրատներից» մեկը նախօրեին զուգահեռներ անցկացրեց Ոսկեպարի ու Ջաբրայիլի միջև, ակնհայտ դարձավ, որ սա վաղուց գծած թյուրքական օպերայի հերթական արարն է և այն դավադիր իշխանությունն ամեն գնով պատրաստվում է կյանքի կոչել։
Արմեն Հովասափյան