Հանրային հեռուստաընկերությունը կունենա համապետական սփռման ևս մեկ հեռուստաալիք
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ«Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» փակ բաժնետիրական ընկերությունը կունենա համապետական սփռում ունեցող երկու հեռուստաալիք, այսպիսով` այժմ միայն մայրաքաղաքային սփռում ունեցող «Առաջինի լրատվական ալիքը» կհեռարձակվի ամբողջ հանրապետությունում:
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի ներկայացրած «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը հավանություն ստացավ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստում:
««Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ-ի կողմից մեկ տեսալսողական ծրագիր հեռարձակվում է միայն մայրաքաղաքային սփռում ունեցող տարածքում, մեկ տեսալսողական ծրագիր՝ համապետական սփռմամբ: Նախագծով առաջարկվում է, որ հանրային հեռարձակողն ունենա առավելագույնը 2 տեսալսողական ծրագիր կամ ավելի պարզ ասած՝ հեռուստաալիք՝ երկուսն էլ համապետական սփռում ունեցող, որպեսզի նաև, ըստ էության, չտուժեն հանրային մուլտիպլեքսում լիցենզիա ունեցող հեռուստաընկերությունների շահերը»,-ասաց Գաբրիելյանը:
Օրենքն ուժի մեջ մտնելուց հետո հանրային հեռարձակողը կհրաժարվի մայրաքաղաքային սփռման սլոթից, ավտոմատ կդառնա համապետական սփռման:
Գաբրիելյանը հավելեց՝ Հանրային հեռուստաընկերության բյուջեն պետական բյուջեից է, ուստի նպատակահարմար չէ, որ այդ գումարն ուղղվի միայն երևանյան հեռուստադիտողին:
Նախագծի հարակից զեկուցող Հասմիկ Հակոբյանը նկատեց, որ Ֆինանսների նախարարության դիտարկմամբ՝ նախագծի ընդունմամբ բյուջեի վրա հավելյալ 64 մլն դրամի ծախս է գեներացվում, որը 2024թ բյուջեով նախատեսված չէ: Պատգամավորը հետաքրքրվեց, թե սրա հետ կապված քննարկում եղե՞լ է:
Նախագծի հեղինակը հայտնեց, որ եղել է քննարկում, որ, եթե ծածկույթը լինի համապետական, այդ բացը կարող են լրացնել Հանրային հեռուստաընկերության միջոցներից: Հանրային հեռուստաընկերությունը ֆինանսավորվում է ոչ միայն ՀՀ պետական բյուջեից, այլ նաև օրենքով չարգելված այլ եղանակներով, օրինակ՝ գովազդից կամ համատեղ ֆիլմարտադրություններից:
Հասմիկ Հակոբյանը նշեց, որ այսպիսով իրավական հիմքեր են ստեղծում մայրաքաղաքային սփռում ունեցող «Առաջինի լրատվական ալիքը» հասանելի դարձնել ամբողջ հանրապետության համար: