ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հանրային հեռուստաընկերությունը կունենա համապետական սփռման ևս մեկ հեռուստաալիք

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» փակ բաժնետիրական ընկերությունը կունենա համապետական սփռում ունեցող երկու հեռուստաալիք, այսպիսով` այժմ միայն մայրաքաղաքային սփռում ունեցող «Առաջինի լրատվական ալիքը» կհեռարձակվի ամբողջ հանրապետությունում:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի ներկայացրած «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը հավանություն ստացավ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստում:

««Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ-ի կողմից մեկ տեսալսողական ծրագիր հեռարձակվում է միայն մայրաքաղաքային սփռում ունեցող տարածքում, մեկ տեսալսողական ծրագիր՝ համապետական սփռմամբ: Նախագծով առաջարկվում է, որ հանրային հեռարձակողն ունենա առավելագույնը 2 տեսալսողական ծրագիր կամ ավելի պարզ ասած՝ հեռուստաալիք՝ երկուսն էլ համապետական սփռում ունեցող, որպեսզի նաև, ըստ էության, չտուժեն հանրային մուլտիպլեքսում լիցենզիա ունեցող հեռուստաընկերությունների շահերը»,-ասաց Գաբրիելյանը:

Օրենքն ուժի մեջ մտնելուց հետո հանրային հեռարձակողը կհրաժարվի մայրաքաղաքային սփռման սլոթից, ավտոմատ կդառնա համապետական սփռման:

Գաբրիելյանը հավելեց՝ Հանրային հեռուստաընկերության բյուջեն պետական բյուջեից է, ուստի նպատակահարմար չէ, որ այդ գումարն ուղղվի միայն երևանյան հեռուստադիտողին:

Նախագծի հարակից զեկուցող Հասմիկ Հակոբյանը նկատեց, որ Ֆինանսների նախարարության դիտարկմամբ՝ նախագծի ընդունմամբ բյուջեի վրա հավելյալ 64 մլն դրամի ծախս է գեներացվում, որը 2024թ բյուջեով նախատեսված չէ: Պատգամավորը հետաքրքրվեց, թե սրա հետ կապված քննարկում եղե՞լ է:

Նախագծի հեղինակը հայտնեց, որ եղել է քննարկում, որ, եթե ծածկույթը լինի համապետական, այդ բացը կարող են լրացնել Հանրային հեռուստաընկերության միջոցներից: Հանրային հեռուստաընկերությունը ֆինանսավորվում է ոչ միայն ՀՀ պետական բյուջեից, այլ նաև օրենքով չարգելված այլ եղանակներով, օրինակ՝ գովազդից կամ համատեղ ֆիլմարտադրություններից:

Հասմիկ Հակոբյանը նշեց, որ այսպիսով իրավական հիմքեր են ստեղծում մայրաքաղաքային սփռում ունեցող «Առաջինի լրատվական ալիքը» հասանելի դարձնել ամբողջ հանրապետության համար:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular