Հանձնում՝ պատերազմի սպառնալիքով
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԱրդեն ավանդույթ է դարձել, որ ցանկացած ռիսկային ու տուրբուլենտ փուլում Նիկոլ Փաշինյանը «թեմայի» մեջ է մտնում՝ ստեղծելով ասուլիսի արհեստական իմիտացիա՝ այդ կերպ հերթական անգամ տիրաժավորելով իր առաջիկա կործանարար անելիքները։ Վերջին ասուլիսն իր բնույթով ոչնչով չէր տարբերվում նախկիններից, որից ակնհայտ էր մի պարզ բան․ այսպես կոչված «անկլավները» Նիկոլը պատրաստվում է հանձնել Ադրբեջանին։
Փաշինյանն այս մասին բաց տեքստով հայտարարեց՝ ասելով, թե «այդ գյուղերը երբեք էլ ՀՀ սուվերեն տարածքում չեն եղել, հայկական ոչ մի գյուղ չի հանձնվելու»։
Ավելին, արդեն ասուլիսի հաջորդ օրը Փաշինյանի հակապետական այս պնդումը վերահաստատեց Գնել Սանոսյանը՝ նշելով, որ «դրանք հայկական չեն»։ Ստացվում է, իշխանություն կոչվող խմբակը ուղղակիորեն ձեռք է քաշում պատմական հայկական տարածքներից՝ դավաճանաբար հանձնելով Ալիևին։
Ի դեպ, հատկանշական է, որ իր խոսքում Փաշինյանը սկսել է օգտագործել «մարզային հատվածներում դեմարկացիա իրականացնելու» մասին արտահայտությունը, այս կերպ էլ ավելի ընդգծելով իր հակահայկականությունը և Ադրբեջանին հերթական անգամ հավատարմության երդվյալ լինելը։
Տարբեր տեղեկություններ են հասնում այն մասին, որ այս օրերին, կոնկրետ Տավուշում, արդեն իսկ հանրային շրջանակներում թեզեր են շրջանառվում, ըստ որոնց «եթե գյուղերը չտանք, մեզ կկոտորեն, պատերազմ կլինի»։ Իշխանական մերձավոր շրջապատի ներկայացուցիչները գյուղեգյուղ ընկած մարդկանց մոտ քարոզում են նմանօրինակ գաղափարներ։
Իսկ ասուլիսի ժամանակ Նիկոլն ինքը նշեց, որ առաջիկայում պատրաստվում է գնալ Տավուշ և «մարդկանց հետ խոսելով, բացատրել, թե ի՞նչ են անում և ինչո՞ւ»։
Հերթական անգամ ականատես ենք լինում նիկոլական մանիպուլյացիային, երբ պատերազմի ու ադրբեջանական հնարավոր ագրեսիայի սպառնալիքի տակ հանձնման նոր գործընթաց է պատրաստվում։ Բոլորս ենք հիշում, թե ինչպես ժամանակին նման կերպ հանձնվեցին Կովսականը, Սանասարը, Քարվաճառը, ավելի ուշ Սուսն ու Աղավնոն, տեղ գյուղի դիրքերը և ՀՀ սուվերեն տարածքի այլ հատվածներ։ Հատկանշական է այն, որ Փաշինյանը բնավ չի խուսանավում և ընդգծում է, որ իրենց համար ավելի հեշտ է «նոր լոգիստիկ հատվածներ» կառուցել, քան պահել 30 տարուց ավել գոյություն ունեցող հայկական դիրքերը։
Նշենք նաև, որ հայկական 4 գյուղերի հանձնումից հետո, բացի լոգիստիկ խնդիրներից, էլ ավելի առնացքային վտանգներ են առաջ գալու, քանի որ գործնականում անհասկանալի ու բաց է մնում, թե ինպես և որտեղ են կառուցվելու խրամատներ, պաշտպանական «ակոպներ» և այլ կարևոր կետեր։ Դրանից բացի Ադրբեջանի ուղղակի ու կոնկրետ վերահսկողության տակ են անցնելու Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղու մի շարք առնացքային հատվածներ, ինչի հետևանքով մարդկանց կենսական անվտանգությունը դրվելու է բացահայտ ռիսկի տակ։
Արմեն Հովասափյան