Բաղանիսում հանձելու մի թիզ հող անգամ չկա, բնակիչները պատրաստ են մինչև վերջ կանգնել․ վարչական ղեկավար
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՊաշտոնական Բաքուն Երևանից օրեր առաջ պահանջել է անհապաղ իրեն վերադարձնել Տավուշի մարզի ու Ղազախի շրջանի սահմանագծին գտնվող չորս գյուղերը։ Խոսքը Բաղանիս Այրում, Աշաղը Ասքիփարա, Խեյրիմլի և Ղըզըլհաջիլի գյուղերի մասին է։ Երեկվա իր ասուլիսում Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով Ադրբեջանի փոխվարչապետի գրասենյակի այս հայտարարությանը, ասել է, որ «ոչ մի քննարկման ժամանակ խոսք չի եղել և չի կարող լինել Տավուշի մարզի որևէ գյուղ հանձնելու մասին», միաժամանակ ընդգծելով, որ ադրբեջանական մամուլում բարձրաձայնված գյուղերի անունները ՀՀ տարածքում երբեք չեն եղել:
Tert.am-ի հետ զրույցում Բաղանիսի վարչական ղեկավար Գևորգ Սահակյանը նշել է, որ անկախ ամեն ինչից, համայնքի բնակիչները պատրաստ են մնալ իրենց տեղերում և կռվել մինչև վերջ։
«Ես 44-օրյա պատերազմի ժամանակ 37 օր կամավոր ծառայել եմ Արցախում, սրանից դուք հետևություն արեք, թե ես ինչ կարծիք ունեմ այս ամենի վերաբերալ»,- ասաց նա։
Հարցին, թե ինչ մտահոգություններ ու հարցեր ունեն Նիկոլ Փաշինյանին, ով առաջիկայում, ինչպես ինքն է հայտարարել, պատրաստվում է այցելել Տավուշ և տեղում հասկանալ իրավիճակը, Սահակյանը նշեց․
«Մեզ հուզող շատ հարցեր ունենք Փաշինյանին, կփորձենք իր կարծիքն իմանալ, մենք էլ մեր կարծիքը կասենք։ Դուք պատկերացնում եք չէ՞ քարտեզի վրա որտեղ է գտնվում Բաղանիս –Այրումը։ Բաղանիս գյուղին կից է գտնվում Բաղանիս –Այրումը, որտեղ խորհրդային ժամանակներում ադրբեջանցիները քոչվորի պես եկել են, անասնապահությամբ զբաղվել ու քիչ-քիչ բուն դրել, շատացել։ Մեր գյուղը պատրաստ է մինչև վերջ պայքարել ու նույնը նաև կողքի գյուղերը։ Բնակիչները մտածում են, որ այստեղ հանձնելու մի թիզ հող անգամ չկա, գուցե լինեն բնակիչների մեջ հակառակը մտածողներ, բայց ես չեմ ուզում նրանց ճանաչել։ Մի տեսակ ես չեմ էլ ուզում հավատալ, որ այստեղ խնդիր է լինելու»։
Ճշտող հարցին՝ չի հավատում, որ 4 գյուղերը կհանձնվե՞ն, համայնքապետն ասաց․ «Այո, իհարկե։ Ադրբեջանն այնքան բան է ուզում, հո իր ուզելով չի՞, մենք էլ ենք ուզում, ես էլ Ղազախի շրջանն եմ ուզում, ու հավատացեք մերն է լինելու»։