«365 օր՝ կանանց իրավունքների օր». Նոյեմբերյանում նորարար մեթոդների կիրառմամբ կոտրում են կարծրատիպերը (ֆոտոշարք)
ՄՇԱԿՈՒՅԹՕրերս Հայկական Ազգային «Երիտասարդ Կանանց Քրիստոնեական Ասոցիացիա» ՀԿ-ն Նոյեմբերյան քաղաքում իրականացրեց «365 օր՝ կանանց իրավունքների օր» խորագրով «ԻՆՉ, ՈՐՏԵՂ, ԵՐԲ» խաղ-միջոցառումը:
Ինտելեկտուալ միջոցառմանը մասնակցում էր 5 թիմ՝ Նոյեմբերյանի Նիկոլայ Նասիբյանի անվան Բժշկական կենտրոնի բժիշկների «Հիպոկրատ»-ը, մանկավարժների «Երեքնուկ»-ը, ՀԿ-ների «Լուսածիր»-ը, «Սարգիս Զուրաբյան վարժարան» մանկական զարգացման կենտրոնի «Գարուն»-ը և մշակույթի, կրթության ոլորտի ու ակտիվ քաղաքացիների «Արևածաղիկ»-ը: Միջոցառմանը հրավիրված էին նաև Նոյեմբերյանում ապրող արցախցի երիտասարդ կանայք, ովքեր նույնպես ներգրավվեցին թիմերում:
«Երիտասարդ Կանանց Քրիստոնեական Ասոցիացիա» ՀԿ նախագահ Աիդա Զուրաբյանի խոսքով՝ նախաձեռնության նպատակն է նպաստել հանրային կարևոր դերակատարների՝ ՏԻՄ, առողջապահական, կրթական, սոցիալական, մշակույթի ոլորտի, ՔՀԿ-ների, ուժային կառուցների, ներկայացուցիչների ինչպես նաև հեղինակություն վայելող անձանց ներգրավմանը կանանց իրավունքների պատշաճ իրացման ամենօրյա աշխատանքերում.
«Մենք ուզում ենք տարատեսակ ոչ ֆորմալ կրթական, իրազեկության բարձրացման նորարար մեթոդների կիրառմամբ կոտրել կարծրատիպերը, յուրաքանչյուր կնոջ նկատմամաբ ձգտել պատշաճ հարգանքի, հավելյալ արժևորման դրսևորմանը և նրա ներուժի օգտագործմանը: Եվ ինչպես Զապել Եսայանն է իր մի հոդվածում նշում՝. «Կինը աշխարհ չէ եկած մինակ հաճելի ըլլալու համար։ Կինը եկած է իր խելքը, մտային, բարոյական եւ ֆիզիքական յատկութիւնները զարգացնելու համար» »,- 1or.am-ի հետ զրույցում պատմում է Զուրաբյանը:
Միջոցառման մասնակիցներից Սիրանուշ Ամիրաղյանը մեզ հետ զրույցում կարևորեց հատկապես նմանտիպ ֆորմատով հանրային իրազեկության բարձրացումը, համայնքում կանանց իրավունքերի իրացումը.
«Իսկապես մեծ բավականություն ստացա միջոցառումից, որը համարում եմ կանանց իրավունքների պաշտպանության իրազեկման գեղեցիկ մոտեցում: Շնորհակալ եմ բոլոր կազմակերպիչներին՝ ամեն ինչ բարձր մակարդակով իրականացնելու համար և հույս ունեմ՝ նմանատիպ անակնկալները շարունակական կլինեն»:
Իսկ միջոցառումը, անշուշտ, ավանդական կդառնա, քանի որ փոխանցիկ գավաթ հանձնվեց հաղթող «Լուսածիր» թիմին, որը հաջորդ տարի պետք է ԵԿՔԱ-ի և մյուս թիմերի ավագների աջակցությամբ կազմակերպի խաղ՝ ներգրավելով նոր թիմերի:
Միջոցառման գեղարվեստական մասն ապահովեցին կիթառահար Կարինե Ալեքսանյանը, ասմունքող Լիանա Զուրաբյանը, Նաիրա Աբրահամյանը, ինչպես նաև թիմերի անդամները:
Ելենա Մաթևոսյան