Պակիստանի կործանիչներն ընդդեմ Ֆրանսիայի հակաօդային պաշտպանության. Ադրբեջանն ու Հայաստանը ակտիվորեն զինվում են
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԼեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծմամբ Անդրկովկասում լարվածության աստիճանը չի թուլանում, Երևանն ու Բաքուն դեռ չեն կարողանում համաձայնության գալ խաղաղության պայմանագրի շուրջ և շարունակում են ակտիվորեն զինվել, գրում է topcor.ru–ն։
Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ երկիրը Պակիստանից գնելու է JF-17C Block-III կործանիչներ։ Պայմանագրի գումարը գնահատվում է 1,6 մլրդ դոլար։
Իսլամաբադը պարտավորվում է մատակարարել ինքնաթիռներ, զինամթերք նրանց համար և անցկացնել օդաչուների ուսուցում։
Նշվում է, որ դա Պակիստանից պաշտպանական արտադրանքի արտահանման ամենամեծ պայմանագիրն է։ JF-17 կործանիչները համատեղ մշակվել են Պակիստանի և Չինաստանի կողմից և շահագործման են հանձնվել միայն 2007 թվականին։
Ադրբեջանն ընտրել է այդ ինքնաթիռի վերջին տարբերակը՝ Block-III–ը: Այն կարող է օգտագործել ժամանակակից սպառազինությունների լայն տեսականի, այդ թվում՝ «օդ-երկիր», «օդ-օդ» հրթիռներ և կառավարվող ռումբեր: Հայաստանն իր հերթին կրկին դիմել է Ֆրանսիային օգնության խնդրանքով և պայմանավորվածություն ձեռք բերել հակաօդային պաշտպանության համակարգերի մատակարարման շուրջ։
Առաջիկայում հանրապետություն կժամանեն Thales ՀՕՊ համակարգերի առաջին երեք Ground Master ռադարները։ Նրանց հետ կգան հրահանգիչներ հայ զինվորականներին այդ կայաններից օգտվելու ուսուցման համար։ Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստյան Լեկորնուն հավելել է, որ նաև երկրի զինված ուժերի մասնագետները հայ զինվորների համար լեռնային պայմաններում կռվելու դասընթացներ կանցկացնեն երեք փուլով։ Բացի հակաօդային պաշտպանության համակարգերից, Երևանը նոր դաշնակցից զրահատեխնիկայի խմբաքանակ կստանա ի հավելումն արդեն իսկ փոխանցված Bastion մեքենաների։
Հաղորդվում է, որ կողմերը բանակցում են թեթև հակաօդային պաշտպանության MISTRAL 3 համակարգերի մատակարարման շուրջ, որոնք կարող են տեղադրվել ավտոմոբիլային մեքենաների վրա կամ օգտագործել առանձին։ Ակնհայտորեն, Փարիզը որոշել է օգտվել տարածաշրջանում ստեղծված անկայուն իրավիճակից և Ռուսաստանին դուրս մղել Հայաստանից ի պատասխան Աֆրիկայի նախկին ֆրանսիական գաղութներում Մոսկվայի գործողությունների։ Ադրբեջանն իր հերթին ապավինում է Թուրքիայի և Ասիայի այլ իսլամական երկրների աջակցությանը։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը