Երևանին է վերադարձվել «Կասկադ» համալիրի վերին հատվածը՝ 11,5 հա տարածքով. Տիգրան Ավինյան
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆախորդ շաբաթվա ընթացքում Երևանին է վերադարձվել «Կասկադ» համալիրի վերին հատվածը՝ 11,5 հա տարածքով: Այս մասին այսօր Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստում հայտարարեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
«Ուզում եմ հիշեցնել, որ տարածքի շինարարությունը դեռևս խորհրդային տարիներից անավարտ էր մնացել: Երևանի քաղաքապետարանը «Կասկադ»-ի ընդհանուր բարեկարգման և կառուցապատման համատեքստում առաջիկայում այս հատվածում ևս լայնածավալ ծրագիր կիրականացնի, որի արդյունքում «Կասկադ» համալիրը երևանցիներին և քաղաքի հյուրերին կներկայանա ամբողջական և ավարտուն տեսքով», - հավելեց Ավինյանը:
Երևանի քաղաքապետն ընդգծեց, որ նախնական քննարկումից հետո պետք է ունենան «Կասկադ»-ի հետագա կառուցապատման ամբողջական ծրագիրը։
Տիգրան Ավինյանը հայտնեց, որ մայրաքաղաքին է վերադարձվել նաև «Կանազ» մշակութային և սպորտային համալիրը՝ շեշտելով, որ համայնքային ծրագրով մարզամշակութային կառույցը հիմնովին կվերանորոգվի: