0-ներով համարանիշների մեկնարկային գինը 20 մլն դրամ է, աճուրդը դեռ չի ավարտվել․ ՆԳ փոխնախարար
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՊրոցեսը հետևյալն է՝ սկզբում մեր քաղաքացիները քվեարկում են, թե որ համարները պետք է դրվեն հերթական աճուրդի և հետագայում քվեարկությունների հիման վրա որոշվում է մոտակա աճուրդի օրը և աճուրդի ենթակա համարանիշների ցանկը։ Պարտադիր չէ, որ անձը քվեարկի և մասնակցի աճուրդին, և հակառակը՝ կարող է անձը չքվեարկել, բայց հետագայում մասնակցել աճուրդին՝ վճարելով նախավճար։
Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում պարզաբանեց Ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանն՝ անդրադառնալով ավտոմեքենաների 0-ներով համարանիշների աստղաբաշխական արժեքով աճուրդին։
Նա կոռեկտ չհամարեց աճուրդի վերաբերյալ տվյալներ հրապարակել, որովհետև այն մադրկային գործոնից զերծ աճուրդ է՝ էլեկտրոնային համակարգի շրջանակներում։
«0-ներով համարանիշների մեկնարկային գինը 20 մլն դրամ է, աճուրդը դեռ չի ավարտվել, այն կտևի մինչև փետրվարի 28-ը»,- հավելեց փոխնախարարը։
Հիշեցնենք, որ լուրեր էին տարածվել, թե 00oo000 հաշվառման համարանիշը ձեռք է բերվել 300,000 դոլարով, սակայն, ՆԳ նախարարի մամուլի խոսնակ այն հերքել էր և նշելով, որը լուրն իրականությանը չի համապատասխանում, քանի որ Էլեկտրոնային աճուրդը դեռ չի ավարտվել։