ՕՐՕ-ն շարունակում է «զարմացնել»
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐՕհանյան–Րաֆֆի–Օսկանյան դաշինքը դիմելու է Վարչական դատարան՝ բողոքարկելու Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անգործությունը։ Այս մասին այսօր՝ ապրիլի 11–ին, NEWS.am–ի հետ զրույցում հայտարարել է ՕՐՕ դաշինքի ներկայացուցիչ Հովսեփ Խուրշուդյանը։
ՕՐՕ-ն, ինչպես տեսնում ենք, շարունակում է «զարմացնել»: Եթե ՀԱԿ-ՀԺԿ-ն բողոքարկում էր ընտրությունների արդյունքները և մերժում ստանում ԿԸՀ-ից, ընթերցողը առավելագույնը մտածում էր, թե պարզապես նրանք ուզում են որոշակի ակտիվություն պահպանեն, հայտնվեն լրահոսում և ընդամենը, քանի որ հասկանալի է, ԿԸՀ-ն մերժելու էր ՀԱԿ-ՀԺԿ-ի դիմումը: Սակայն ՕՐՕ դաշինքը, ինչպես ասում են, գերազանցում է ինքն իրեն՝ միանգամից դատի տալով ԿԸՀ-ին:
Ընդհանրապես, քանի որ հիշեցինք ՕՐՕ-ին, թերևս արժի մի հարց պարզել՝ արդյո՞ք այն գոյություն ունի ընդհանրապես: Համաձայն հայաստանյան մամուլի՝ Վարդան Օսկանյանը ընտրությունների հենց հաջորդ օրը մեկնել է Հայաստանից և կարծես թե քաղաքականությունից ընդհանրապես, Րաֆֆի Հովհաննիսյանը նույնպես երկրում չէ և անձնական խնդիրներով անհայտ ժամանակահատվածով կմնա ԱՄՆ-ում:
Հայկական պարբերականներից մեկի համաձայն՝ Սեյրան Օհանյանը նույնպես հիասթափված է և կարծում է, որ սխալ քաղաքական հաշվարկներ է կատարել: Նույն պարբերականի աղբյուրներով, պայքարը շարունակելու մեծ մղում ունի միայն Սեյրան Օհանյանի կինը՝ Ռուզաննա Խաչատրյանը:
Նման պայմաններում արդեն հարց է ծագում՝ ի՞նչ ՕՐՕ-ի, ի՞նչ դաշինքի մասին է խոսք գնում և վերջապես ո՞ւմ համար է արվում այս անհեռանկար աղմուկը՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովին դատի տալու միջոցով, ինչը, ի դեպ, աղմուկ չի էլ հասցնի դառնալ, ինչպես ՕՐՕ-ն չհասցրեց քաղաքական ուժ դառնալ:
Տիգրան Դավթյան