Ինքնակամ կառույցների օրինականացման համար նոր ժամկետ չի սահմանվի. Նիկոլ Փաշինյան
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԻնքնակամ կառույցների օրինականացման նոր ժամկետ չի սահմանվելու, նման շինություններ ունեցողները կամ իրենց միջոցներով պետք է ապամոնտաժեն, կամ էլ տեղական ինքնակառավարման մարմիններնն են ապամոնտաժելու: Այս մասին այսօր՝ փետրվարի 7-ին, ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտնեց Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Ղազարյանի հարցին, թե ի՞նչ պետք է անեն ինքնակամ կառույցներ ունեցող, և մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը դրանց օրինականացման համար դիմում չներկայացրած անձինք:
Նիկոլ Փաշինյանի խոսքով, մի տարի ժամկետ էր տրվել ինքնակամ կառույցների օրինականացման համար դիմումներ ներկայացնելու և օրինականացման գործընթացը սկսելու համար:
«Չեն դիմել, որովհետև մի մասը գիտի, որ չի օրինականացվելու, քանդվելու է, մյուս մասն էլ ասում ա ինչի՞ գրանցեմ, գույքահարկ տամ»,-ասաց վարչապետը:
Նրա խոսքով, շինարարությունը որոշակի գործընթաց է ենթադրում. հողի նկատմամբ իրավունքի ձեռքբերում, նախագծի պատվիրում, շինթույլտվության ստացում, շինարարություն, շինարարության ավարտական ակտ, սեփականության վկայական:
«Էս պատմությունը նրա մասին ա, որ ասում են՝ հա լավ դե, ոչինչ որ դա ճանապարհի անվտանգության գոտի ա, ոչինչ որ հնարավոր ա գազատար խողովակ ա անցնում, դուք չե՞ք մտածում էդ մարդու մասին: 65-րդ անգամ ժամկետը չենք փոխելու»,-ասաց Նիկոլ Փաշինյանը և հայտնեց, որ այդ հարցին այլևս երբեք չեն անդրադառնալու: