Հայտնվել ենք նույն տաշտակի առաջ, որի դեմ պայքարեցինք 2018-ին. Հայկ Մարության
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԱյն բոլոր երազանքները և նպատակները, որ մենք դրել էինք 2018 թվականին, շատ արագ հօդս ցնդեցին և մենք նորից նույն տաշտակի առաջ ենք հայտնվել, նորից պայքար ենք մղում։ Այս մասին, այսօր՝ հունվարի 30-ին, Երևանի քաղաքապետարանում Օղակաձև այգու 4-րդ գոտու ճակատագրի վերաբերյալ հանրային լսումներին հայտարարեց Երևանի ավագանու անդամ, նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը։
Ըստ նրա՝ նորից հավաքվել ենք և զբաղվում ենք այն խնդիրներով, ինչի համար 2018-ին հավաքվել էինք ու հեղափոխություն էինք իրականացնում և թվում էր՝ խնդիրները քայլ առ քայլ կսկսեն ուղղվել։
Նախկին քաղաքապետի խոսքով՝ «Օղակաձև» այգին իրենից ներկայացնում է 6 հատված, որոնք թեև առանձին են, բայց ամբողջություն են և չի կարելի ամեն հատվածը դիտարկել առանձին-առանձին։
«Սա հատուկ կառուցված այգի է, մեր քաղաքի պաշտպանիչ օղակն է եւ մեր քաղաքի թոքերը: Ցավում եմ, որ տասնյակ տարիներ այդ թոքերը թոքախտով են հիվանդացել եւ քաղցկեղի են մոտենում: բայց մենք հասել ենք մի կետի, որտեղ այլեւս չի կարելի թույլ տալ անգամ մեկ քմ կանաչ տարածք խլել երեւանցուց:
Մեր խմբակցության տեսակետը հետեւյալ;ն է. Բոլոր այն կանաչ տարածքները, որոնք դեռ Երևանին են պատկանում և սեփականշնորհված չեն, չեն կարող ոչ մի պայմանով տրվել մասնավորին՝ լինի վարձակալություն, թե սեփականություն: Որովհետեւ, կներեք, 50 տարով կամ 99 տարով վարձակալությունը սեփականության պես մի բան է: Բոլոր հանրային կանաչ տարածքները պետք է մնան հանրությանը, պատկանեն համայնքին, երեւանցուն: Համայնքը պետք է հոգա այդ խնդիրները: Եթե այդտեղ կանաչ տարածքներ են նախատեսված, ապա համայնքը պետք է միջոցներ գտնի եւ կանաչ տարածքները վերականգնի: Միջոցները կան: Այնքան միջոցներ կան, որ մարդիկ 87 միլիոնով ինաուգուրացիա են անում»,- նշեց նա։
Ի դեպ, Հայկ Մարությանն անդրադարձավ նաև կարմիր գծերի թանկացմանը և պնդեց, թե գների բարձրացումը ոչ մի օգուտ չի բերել մայրաքաղաքին և նույն կերպ խցանումները շարունակվում են։