Բաքվում Փաշինյանի առաջարկին սպառնալիքների և մեղադրանքների նոր խմբաքանակով են պատասխանել
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԲաքվում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկին արձագանքել են սպառնալիքների ու մեղադրանքների նոր խմբաքանակով։
Ինչպես հաղորդում է АПА-ն, հարցին ի պատասխան՝ «հունվարի 28-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բանակի օրվա կապակցությամբ իր ելույթում ասել է, որ Ադրբեջանին հրավիրել է պայմանագիր ստորագրել՝ սպառազինությունների փոխադարձ վերահսկողության և չհարձակման մեխանիզմի մասին։ Ի՞նչ կմեկնաբանեք այս հայտարարությունները», ԱՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն պատասխանել է, որ «Հայաստանի վարչապետի հայտարարությունը նպատակ ունի շեղել ուշադրությունը խաղաղության մասին երկկողմ համաձայնագրի նախագծի և Ադրբեջանի և Հայաստանի միջև միջպետական հարաբերությունների հաստատման գործընթացից»։
Հաջիզադեն հայտարարել է, որ «չնայած նշված համաձայնագրի նախագծի քննարկման հենց սկզբից հայկական կողմին ուղղված ադրբեջանական կողմի կոչերին՝ վերջ դնելու Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ շարունակվող պահանջներին՝ իր սահմանադրության մեջ, օրենսդիր մարմնի մի շարք որոշումներում, ինչպես նաև 44-օրյա Հայրենական պատերազմից հետո տարբեր միջազգային ատյաններ դիմելիս, միջազգային կազմակերպություններում տարածված պաշտոնական նամակագրություններում և նամակներում, Հայաստանն այս ուղղությամբ դեռ գործնական քայլեր չի ձեռնարկել»։
Այսպիսով, Ադրբեջանի ԱԳՆ-ն հաստատել է, որ Բաքուն շանտաժի է ենթարկում Երևանին՝ պահանջելով փոխել Սահմանադրությունը, հետ կանչել միջազգային ատյաններում հայցերը, ինչպես նաև դադարեցնել ռազմական ցանկացած համագործակցությունն ու զենքի գնումները։
Աղբյուր ` News.am