Մոսկվայի կոշտ արձագանքը Միրզոյանին
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԱրտգործնախարար Արարատ Միրզոյանն օրերս արձագանքել էր Ռուսաստանի իր պաշտոնակից Սերգեյ Լավրովի հայտարարությանը, թե Բաքուն պատրաստ է Երևանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրել Ռուսաստանի տարածքում։ «Արդյոք Բաքուն պատրաստ է խաղաղության պայմանագիր ստորագրել Ռուսաստանում, չգիտեմ, ադրբեջանական կողմից այդպիսի հավաստիացում ինքս ոչ փակ հանդիպումների ընթացքում, ոչ էլ հրապարակավ չեմ լսել, եթե Սերգեյ Լավրովը պնդում է այդպես, գուցե ինչ-որ հիմք ունի այդպիսի պնդում անելու»,- ասել էր Միրզոյանը։
Արտգործնախարարին պատասխանել է Մարիա Զախարովան, նշել, թե՝ նրան կրկին հրավիրում են Մոսկվա քննարկելու Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագիրը։ «Արարատ Միրզոյանին Մոսկվայում խաղաղության պայմանագրի խնդիրների շուրջ խորհրդակցությունների հրավեր է ուղարկվել բազմիցս, սկսած անցյալ տարվա սեպտեմբերից, ի թիվս այլ բաների դա քննարկվել է տարբեր մակարդակներում երկկողմ շփումների ժամանակ։ Վերջին ազդանշանը Երևանին ուղարկվել է բառացիորեն մի քանի օր առաջ»,- ասել է Զախարովան՝ փաստացի Հայաստանի արտգործնախարարին մեղադրելով իրականությունը խեղաթյուրելու փորձերի մեջ։
Ըստ Զախարովայի՝ Մոսկվան մնում է Երևանի և՛ գործընկերը, և՛ որոշիչ ներդրում ունի ռազմական գործողությունների դադարեցման գործում։ «Որոշիչ ներդրում ունի էլ ավելի ծանր վիճակի, նույնիսկ կարելի է ասել Հայաստանի պարտությունը կանխելու գործում»,- հայտարարել է Զախարովան։
Զախարովայի այս կոշտ մեջբերումները վկայում են, որ Ռուսաստանին ակնհայտորեն դուր չի գալիս իրականությունն աղավաղելու Հայաստանի փորձերը և նրանք պարզապես նոր փակուղի են մտածել Արարատ Միրզոյանի համար։ Թե, այս դեպքում ի՞նչ կորոշի Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նոր հանդիպումից խուսափելու համար, ինչպես արել է ամիսներ շարունակ, պարզ կդառնա մոտ ապագայում։
Մանուկ Սարգսյան