Ես պրոհայկական գեներալ եմ, ես չեմ տեսնում անվտանգության այն պրոդուկտը, որը կարող է մեզ տալ Արևմուտքը. Արշակ Կարապետյան
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԱնցած ողջ տարվա ընթացքում Հայաստանի իշխանությունները պարբերաբար դժգոհել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից։ Մեղադրել են Հայաստանի քաղաքական պահանջները չկատարելու, օգնության չգալու, Հայաստանի սահմանները հստակ չարձանագրելու, քաղաքական հայտարարություններ չանելու մեջ։ Միևնույն ժամանակ ՀԱՊԿ-ն մի քանի անգամ առաջարկել է դիտորդներ ուղարկել Հայաստան, նաև քննել, թե ինչի կարիք ունի Հայաստանը, ինչպես կարող է օգնել։ Մի կողմից մեղադրանքներ հասցնելով անվտանգային հիմնական միջավայրին, որտեղ գտնվում է Հայաստանը, մյուս կողմից գործող իշխանությունները ընդհակառակը սերտացնում էին հարաբերությունները եվրոպացիների հետ։ ՀԱՊԿ-ի դիտորդների փոխարեն հրավիրում եվրոպական դիտորդների։
Հայաստանը նաև հրաժարվել էր մասնակցել ՀԱՊԿ նիստին, նոյեմբերին Մինսկում։ Դրանից հետո՝ արդեն տարեվերջին, Հայաստան էր ժամանել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբեդովը, որը բերել էր ՀԱՊԿ-ում ընդունված որոշումները, որպեսզի Հայաստանը որոշում կայացնի՝ միանում է դրանց, թե՝ ոչ։
Մինչ այս պահը Հայաստանի իշխանությունները որևէ որոշում չեն կայացրել, հայտարարում են՝ դեռ քննարկման փուլում է։ Նույնն էլ, գրեթե, ԵԱՏՄ-ի մասով է, ընդ որում, եթե Հավաքական անվտանգության պայմանագրից դժգոհություններ հայտնում են անվտանգային առումով, ապա Փաշինյանը փորձում է ԵԱՏՄ-ին անընդհատ միայն տնտեսական բլոկի գործառույթներ վերագրել՝ հրաժարվելով նրա քաղաքական ազդեցությունից։
«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը նշում է, որ ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի նկատմամբ Հայաստանի վարքը շատ վտանգավոր խաղ է, որի խաղացողներն, ի դեպ, Հայաստանի իշխանությունները չեն. «Սա վտանգավոր խաղ է Հայաստանի համար, բայց խաղացող կողմը Հայաստանի ղեկավարությունը չէ։ Հայաստանի ղեկավարությունը դրվել է հեռակառավարման վահանակի վրա, ղեկավարողը նստած է Ամերիկայի դեսպանատանը։ Ես ոչինչ չունեմ նրանց դեմ, սովորել եմ Ամերիկայում, հրաշալի երկիր է, սովորել եմ Լոնդոնում, Գերմանիայում մասնակցել եմ ծրագրերի, լսել եմ դասախոսություններ մեր տարածաշրջանի անվտանգության համար։ Այն ինչ ասում են Հայաստանի համար այդ խաղի վտանգավորության մասին, չեմ ասում, որովհետև, ինչպես շատերն ասում են Արշակ Կարապետյանը պրոռուսական է, ես պրոհայկական գեներալ եմ, ես չեմ տեսնում հիմնավորում, չեմ տեսնում անվտանգության այն պրոդուկտը, որը մեզ կարևող է տալ Արևմուտքը»,- նշել էր Կարապետյանը՝ հավելելով, որ Հայաստանի անվտանգությունը պետք է հենվի Ռուսաստանի դաշնակցային հարաբերությունների վրա։
Արշակ Կարապետյանը նշում է, թե՝ Ազգային անվտանգության ապահովման հարցերում իր տեսակետը երբեք չէր համընկնում Հայաստանի գործող իշխանությունների տեսակետի հետ, այն պարզ պատճառով, որ նրանք մեղմ ասած կոմպետենտ չեն այս հարցում, նրանք չեն հասկանում, որ Ազգային անվտանգությունը համապարփակ հասկացություն է, բաղկացած է ռազմական, տնտեսական էներգետիկ անվտանգությունից և այլն։
Ազգային անվտանգության վեկտորը փոխելուց պետք է փոխել ոչ թե մեկ բաղադրիչը, այլ ամբողջը, վեկտորի փոփոխությունը մեր դեպքում կբերի լուրջ տնտեսական և էներգետիկ խնդիրների վրա, անխուսափելիորեն կանդրադառնա Ռուսաստան մեր արտադրանքի արտահանմանը, Ռուսաստանից գազի մատակարարմանը և դրա արժեքին, իսկ հետևանքները կարող են աղետալի լինել մեր պետության համար։
Հայկ Առաքելյան