Սարսափելի կադրեր Սիրիայից. քիմիական զենքի կիրառումից 70 զոհերի թվում կան երեխաներ. 18+
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱմենասարսափելի քիմիական գրոհներից մեկն ապրիլի 4-ին Սիրիայի հյուսիսային շրջանը՝ Իդլիբը վերածել է մահվան գոտու: Այդ շրջանում մարտական թունավոր նյութերի կիրառման արդյունքում, որն ապստամբների վերահսկողության տակ է, զոհվել է ավելի քան 70 մարդ, այդ թվում՝ 10-ից ավել երեխա:
Արևմտյան առաջնորդներն, այդ թվում՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, գրոհի կազմակերպման համար մեղադրել են Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադին և Ռուսաստանից ու Իրանից՝ որպես աջակցող երկրներից, պահանջել միջոցներ ձեռնարկել գրոհի կրկնությունը կանխելու համար:
Շատերը տեղի ունեցածը ռազմական հանցագործություն են անվանում: Ինչպես պատմում են ականատեսները, ենթադրաբար զարինով և քլորով լիցքավորված ռումբերը նետվել են ինքնաթիռներից: Գրոհի արդյունքում շատերի շունչը սկսել է կտրվել և նրանք կորցրել են գիտակցությունը, որոշ տուժածների բերանից փրփուր է եկել:
Սիրիայում ՄԱԿ հատուկ խորհրդական Ստեֆան դե Մաստուրան հաղորդել է, որ ՄԱԿ Անվտանգության խորհուրդը հատուկ նիստ կանցկացնի և կպահանջի, որ մեղավորները պարզվեն և պատասխանատվություն կրեն:
Պաշտոնական Դամասկոսն անմիջապես հայտարարել է, որ կապ չունի քիմիական զենքի կիրառմամբ ավիահարվածի հետ: Ռուսաստանի պաշտպանության նախարարը նույնպես հերքել է ռուսական ռազմական ուժերի կողմից հարված հասցնելը:
Սակայն միջազգային առաջնորդները պնդում են, որ մեղավորն Ասադի կառավարությունն է:
ԵՄ արտաքին գործերի գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին հայտարարել է. «Ակնհայտ է, որ կատարվածի համար գլխավոր պատասխանատվությունը կրում է [Ասադի] ռեժիմը, քանի որ նա է պատասխանատու իր մարդկանց պաշտպանության համար» (մեջբերումը՝ Reuters-ից):
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն ուղղակիորեն մեղադրել է սիրիական կառավարական ուժերին իր ժողովրդի դեմ քիմիական զենք կիրառելու համար, հաղորդում է Reuters-ը:
«Սիրիական ռեժիմը կրկին հերքելու է այդ ջարդին իր պատասխանատվության ապացույցները: Ինչպես և 2013թ-ին, Բաշար Ասադը հույսը դրել է իր դաշնակիցների մեղսակից լինելու և անպատիժ մնալու վրա», — հայտարարել է Օլանդը և առաջարկել «նրանց, ովքեր աջակցում են այդ ռեժիմին», գնահատել «իրենց քաղաքական, մարտավարական և բարոյական պատասխանատվության մասշտաբները»: