«Ո՞վ Ադրբեջան սարքեց Հայաստանը». ՆԳ նախարարն ու փոխնախարարը հրաժարվեցին պատասխանել լրագրողի հարցին
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԳ փոխնախարար, ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանը այսօր՝ հունվարի15-ին կայացած ՆԳՆ ամփոփիչ ասուլիսի ժամանակ հրաժարվել է պատասխանել լրագրողի հարցին, թե «ո՞վ մեր երկիրը Ադրբեջան սարքեց՝ Սերժ Սարգսյանը, թե՞ Նիկոլ Փաշինյանը»:
Լրագրողը փոխնախարարին հիշեցրել է, որ 2018 թվականի հեղափոխության ժամանակ Նիկոլ Փաշինյանը վերջինիս հանդիմանել էր՝ասելով. «Սերժդ մեր երկիրը Ադրբեջան սարքեց»։ Լրագրողը հարցրել է, թե ի՞նչ է Արամ Հովհաննիսյանը մտածում այդ մասին հիմա:
«Ոստիկանությունը քաղաքական մարմին չէ, որպեսզի որոշում կայացնի, կամ արտահայտվի այդ ուղղությամբ: ՆԳՆ-ը կատարում է իր ֆունկցիոնալ պարտականությունները և մենք լիազորված չենք պատասխանել նման հարցերի»,- ասել է ՆԳ փոխնախարարը:
Լրագրողը առաջարկել է ՆԳ նախարար Վահե Ղազարյանին նույնպես պատասխանել հարցին՝ շեշտելով, որ վերջինս Նիկոլ Փաշինյանի ընկերն է:
Հարցին անդրադառնալով՝ նախարարն ասել է, որ ՆԳՆ-ը՝ հատկապես Ոստիկանությունը, պետք է լինեն ապաքաղաքական կառույց և զերծ մնան քաղաքական հայտարարություններից:
«Ես չեմ հրաժարվում իմ ընկերներից: Այդ հարցին կխնդրեմ՝ չպատասխանեմ» ,- եզրափակել է նախարարը: