Հայաստանի կարտինգի առաջին թիմը Դուբայում առաջին մրցանակն է շահել (տեսանյութ, լուսանկարներ)
ՍՊՈՐՏԴեկտեմբերի 9-ին Դուբայում կայացել է կարտինգի ամենամյա մրցույթը, որին առաջին անգամ իր մասնակցությունն է բերել Հայաստանում ձևավորված թիմը։ Դրանով հիմք դրվեց հայկական ավտոսպորտի մեկնարկին։ Նախաձեռնությունը հայազգի արշավորդ Արթուր Գորոյանինն է։
«Գորոյան ռեյսինգ թիմ»-ը թեպետ վերջերս է ձևավորվել, Դուբայում մասնակցել են 24 ժամ տևողությամբ մրցարշավին՝ զբաղեցրել պատվավոր երրորդ տեղը։
Արթուր Գորոյանը թեև ապրում է արտերկրում, Հայաստանի դրոշը արտաքին հարթակներում բարձրացնելը պատիվ է համարում։ Զբաղեցնելով երրորդ հորիզոնականը՝ նախաձեռնության հեղինակն ու թիմի համակարգողն առանձնացնում է կարևորը՝ Հայաստանում ավտոսպորտի զարգացումը։
«Յուրաքանչյուր մարզիկի նպատակը սպորտը հանրության ավելի լայն շրջաններում տարածելն է, որպեսզի երիտասարդները վարեն առողջ ապրելակերպ, զբաղվեն ցանկացած տեսակի մարզաձևով: Ես՝ որպես հայ, ձգտում եմ Հայաստան բերել այն դրականը, լավը, որ կա սպորտում, և ուզում եմ Հայաստանն աշխարհին ճանաչելի դարձնել»,- ասում է նա։
Թիմի անդամներից Ռոդիոնը ավտոսպորտով վաղուց է զբաղվում։ Կիսով չափ ռուս, կիսով չափ հայ երիտասարդը ապրել է Մոսկվայում և հենց այնտեղ էլ զբաղվել ավտոսպորտով։ Հիմա ներուժն իրացնում է Հայաստանի համար։
Մեր երկրում ավտոսպորտը, կամ ինչպես ընդունված է ասել՝ ավտոդրայվը, կազմակերպվել է առանց պետական աջակցության։ Նախաձեռնողները կարծում են, որ պետության աջակցությամբ հնարավոր է կարտինգի միջազգային Dubai24 մրցարշավում հաջողություն գրանցել։ Հայաստանում ավտոսպորտը պետք է դառնա մասնագիտություն։
Արաբական Էմիրություններում կայացած Dubai24-ը՝ «Գորոյան ռեյսինգ թիմ»-ի համար առաջինն էր։ Տղաները ոչ միայն հաջող ելույթ ունեցան, այլև պատվով ներկայացրին մեր երկիրը։ Սպորտաձևի զարգացման ու հանրայնացման համար ենթակառուցվածքներ ունենալը պարտադիր է, պետական աջակցությունը՝ խնդիր։ Նրանք փորձում են սեփական միջոցներով հաղթահարել այս դժվարություններն ու իրենց հաջողությամբ ստիպել, որ գոնե ներդրողների միջոցով սպորտաձևն ավելի հասանելի ու զանգվածային դարձնեն։