Գնացել էր դեպքի վայր՝ վիրավորներ տարհանելու, պատահաբար տեսել է մոր դիակը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեպտեմբերի 19-ին Ադրբեջանն 9 ամիս շրջափակման մեջ գտնվող Արցախի դեմ սկսեց լայնամասշտաբ պատերազմ։ Խախտելով միջազգային կոնվենցիաներով նախատեսված դրույթները՝ թիրախի տակ էր պահում թե՛ ռազմական և թե՛ քաղաքացիական օբյեկտները։
Ծանր էր հատկապես փրկարարների և բուժաշխատողների օրակարգը։ Ցանկացած պայթյունից հետո վտանգելով սեփական կյանքը՝ փրկարարները դեպքի վայրում էին։
Վահրամ Մայիլյանը հրշեջ փրկարար ծառայության պետն է, ԱԻՊԾ երկարամյա ծառայող։
Սեպտեմբերի 19-ին՝ հերթական հրթիռակոծությունից հետո, արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման պետի և անձնակազմի հետ դուրս են գալիս ծառայության տարածքից, զննելու, թե որտե՞ղ է եղել պայթյունը, և ինչպե՞ս կարող են օգնել բնակչությանը։ Պարզվում է՝ հրթիռակոծվել է ռազմական օբյեկտներից մեկը, որտեղ և քաղաքացիական ծառայող էր Վահրամի մայրը՝ տիկին Լարիսան։
Վահրամ Մայիլյանը օրվա ապրումները MediaHub-ի հետ զրույցում վերհիշում է այդ ցավը չցանկանալով և ոչ մեկին։
«Երբ մտանք այդ տարածք, հասկացանք, որ իրավիճակը լուրջ է։ Ծանր ծուխ էր բարձրանում ու թանձր փոշի։ Մի քիչ առաջացանք, տեսանք 2 հոգու ընկած վիճակում։ Նման դեպքում առաջինը զարկերակն ենք չափում․ ցավոք, արդեն զոհվել էին։ Ներս մտանք (անբացատրելի է հիմա այդ ձայները պատկերավոր նկարագրելը) բոլորը գոռում էին։ Մենք այդ տարածքից տարհանեցինք վիրավորների, զոհերի մարմինները հանեցինք։ Գիտակցումը, որ մայրս ևս այդ տարածքում է, ու դեռ չգիտեմ՝ ինչ վիճակում է, կես մարդ էի դարձել»,- պատմում է փրկարար ծառայության մայորը։
Վիրավորներին առաջին օգնություն ցուցաբերելուց հետո Վահրամն ու ընկերները շարունակել են որոնումները։
«Մի սենյակում 2 կին էին ընկած, մեկը մայրս էր։ Պարանոցի շրջանում բեկորային մահացու վիրավորում էր ստացել։ Չափեցի զարկերակը, արդեն չկար, մայրս մահացել էր։ Իսկ կողքի կինը, որը նույնպես վիրավորում էր ստացել, դեռ շնչում էր։ Ընկերներս մոտեցան, որ հանեն մորս դիակը, ասացի` «նրան հանեք, քանի դեռ պուլսը խփում է, գոնե իրեն փրկենք»։ Դա իմ աշխատանքային փորձի ամենադաժան տեսարանն էր, երբ գնում ես դեպքի վայր, որ փրկես, բայց տեսնում ես քեզ կյանք պարգևած մարդուն անշունչ վիճակում։ Այդ պահը և իմ ապրումները ոչ մեկին չեմ ցանկանա»,- ասում է նա։
Ընկերները պատմում են, որ այդ օրը Վահրամը մեկ րոպե անգամ իրեն չի կորցրել։ Օդային տագնապի ազդանշանի ուղեկցությամբ, բոլոր վիրավորներին տարհանելուց հետո միայն մտածել է մոր դիակը տեղափոխելու մասին։
Տիկին Լարիսան և՛ հայրական, և՛ մայրական պարտականություն էր կատարում. տարիներ առաջ հիվանդությունից մահացել էր ամուսինը, ուստի ծնողական ամբողջ պարտականությունն իր վրա էր։ Նա հուղարկավորվեց հայրենի Արցախում, սիրելի ամուսնու՝ անվանի դերասան, Արցախի հանրային հեռուստատեսության հնչյունային ռեժիսոր, երջանկահիշատակ Սոս Մայիլյանի կողքին։
Բռնի տեղահանությունից հետո զավակներն ապաստանել են Հայաստանում։ «Հարցնում եք՝ «ի՞նչ եմ երազում», գոնե մորս շիրիմին թարմ ծաղիկներ դնելու հնարավորություն ունենամ, ասեմ՝ «կներես մամ»»...
Հունան Թադևոսյան