Արցախից ՀՀ տեղափոխված պացիենտներից 44-ը մահացել է. ԱՆ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեպտեմբերի 25-ին Արցախում վառելիքի պահեստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի դատագենետիկական փորձաքննությունը շարունակվում է. Aysor.am-ին ասաց ՀՀ առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Մարիամ Ծատրյանը՝ հրաժարվելով կոնկրետ նշել, թե քանի նմուշ է փորձաքննության ենթարկվել և քանի մարմին է նույնականացվել։
«Գործը նախաքննության փուլում է, ուստի կոնկրետ տվյալներ չեմ կարող տրամադրել, միայն կարող եմ ասել, որ դատագենետիկական փորձաքննությունը շարունակվում է», — ասաց նա՝ հավելելով, որ նույնականացման դեպքեր լինում են, և մասունքները հանձնվում են հարազատներին։
Մարիամ Ծատրյանը նշեց, որ նոյմբերի 15-ի դրությամբ Արցախից ռազմական գործողությունների և պայթյունի հետևանքով Հայաստան տեղափոխված և մայրաքաղաքի տարբեր բժշկական կենտրոններում բուժում ստացող անձանց թիվը 87 է։
«Նրանցից 8-ի վիճակը ծանր է, 2-ինը՝ ծայրահեղ ծանր։ 19 պացիենտ շարունակում է բուժում ստանալ արտասահմանյան նեղ մասնագիտական տարբեր կլինիկաներում։ Մենք պարբերաբար մասնագետների հետ կապի մեջ ենք և այս մասով դրական լուրեր ունենք։ Նրանց առողջական վիճակի մեջ դրական դինամիկա նկատվում է», — ասաց նա։
Ծատրյանն ավելացրեց նաև, որ Հայաստան օդային ու ցամաքային ճանապարհով տեղափոխվելուց ի վեր՝ մինչ այս պահը, գրանցվել է 44 անձի մահ։ Մահերի մեծ մասը պայթյունից արյվածքների հետևանքով է։
Նշենք, որ սեպտեմբերի վերջի տվյալներով՝ ինչպես ներկայացրել էր Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը՝ վառելիքի պահեստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով հաստատված մահերի թիվը 68 է եղել, որից պարզ է եղել միայն 21-ի ինքնությունը:
Վիրավորում ստացած քաղաքացիների թիվը 290 է եղել, որոնցից 168-ը տեղափոխվել են ՀՀ բժշկական հաստատություններ։ Տեղեկատվական կենտրոններ ստացված զանգերի ամփոփ տվյալների համաձայն՝ անհետ կորած է համարվում 105 հոգի։