Քարտեզի առջև նստել են ու որոշումներ են կայացնում․ Տավուշի մարզկենտրոնի հետ կապը կտրվելու է, գոնե պատկերացնո՞ւմ են՝ դա ինչ է նշանակում․ Բաղանիսի նախկին համայնքապետ (168.am)
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍահմանապահ Բաղանիս գյուղի նախկին ղեկավար Նարեկ Սահակյանը 168.am–ի հետ զրույցում վստահեցրել է՝ իր և Բաղանիսի որևէ բնակչի համար «անկլավ» հասկացություն գոյություն չունի, իսկ հող որևէ մեկին չեն պատրաստվում զիջել:
Սահակյանի համոզմամբ՝ ՀՀ իշխանությունները դատողություններ ու հայտարարություններ անում են՝ առանց խնդրին տեղում ծանոթանալու:
«Եթե այդ ճանապարհով հարցերը լուծվեն, մեզ համար շատ ցավոտ հետևանքներ են լինելու: Այդ դեպքում Տավուշի մարզկենտրոնի հետ կապը կտրվելու է: Գոնե պատկերացնո՞ւմ են, թե դա ինչ է նշանակում: Դրանից այն կողմ ի՞նչ կարող է լինել: Քարտեզի առջև նստել են ու որոշումներ են կայացնում: Բա թող մի հատ գան ու տեղում տեսնեն, թե իրենց այդ քայլերով ինչ կենսական վնաս են հասցնելու մեր էս գյուղերին: Այդ ժամանակ գուցե սկսեն հասկանալ իրենց կայացրած որոշումների արդարացիությունն ու ոչ արդարացիությունը»,- ասել է Սահակյանը:
Բաղանիսի նախկին ղեկավարը նաև ասել է, որ նախկինում երբևէ որևէ քննարկում չի եղել այսպես կոչված «անկլավների» վերաբերյալ: Նրա խոսքով՝ թեման առաջ է բերել Ադրբեջանը, ինչին չեն ընդդիմանում ՀՀ իշխանությունները՝ հաշվի չառնելով տեղի բնակիչների տեսակետն ու այդ գործընթացի օրինականությունը:
Իսկ արդյոք այսպես կոչված «անկլավները» ստանալուց հետո Ադրբեջանը կբավարարվի՞:
«Ես մի բան կասեմ. հին հռոմեական ասացվածք կա՝ «Ախորժակն ուտելուց է բացվում»»,- հիշեցրել է Սահակյանը՝ հավելելով, որ գյուղերն Ադրբեջանին տալուց հետո այդ երկիրը պահանջելու է նաև այլ «միջանցքներ»՝ դրանց հետ կապը պահպանելու համար:
«Կառաջանան և՛ տարածքային, և՛ կոմունիկացիոն խնդիրներ: Իսկ մեր երկրի առջև ծառացած անվտանգային խնդիրներն ավելի կխորանան: Ոչ մի խաղաղություն էլ չի լինի»,- համոզմունք է հայտնել սահմանապահ Բաղանիս գյուղի նախկին ղեկավար Նարեկ Սահակյանը:
Ավելի մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում