ԱՄՀ-ի հետ համաձայնություն է ձեռք բերվել. Հայաստանի համար հասանելի կդառնան լրացուցիչ 24.3 մլն դոլար
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ2023թ. սեպտեմբերի 13-ից 25-ը կայացած ԱՄՀ առաքելության և հետագայում տեղի ունեցած քննարկումների արդյունքում Հայաստանի Հանրապետության և Արժույթի միջազգային հիմնադրամի միջև աշխատանքային համաձայնություն է ձեռք բերվել ընթացիկ եռամյա Պահուստային ծրագրի երկրորդ վերանայման ուղղությամբ, որով Հայաստանի համար հասանելի կդառնան լրացուցիչ 24.3 մլն ԱՄՆ դոլար (18.4 մլն ՀՓԻ) ծավալով ֆինանսական միջոցներ՝ ընդհանուր հասանելիությունը հասցնելով 72.9 մլն ԱՄՆ դոլարի (55.2 մլն ՀՓԻ)։
ՀՀ ֆինանսների նախարարությունից հայտնում են, որ վերանայման հիմքում ընկած է եղել հայկական կողմի գրանցած նշանակալի առաջընթացը մակրոտնտեսական կայունության պահպանման, տնտեսության դիմակայունության ամրապնդման, կառուցվածքային բարեփոխումների շարունակական իրականացման, եկամուտների մոբիլիզացման, պետական ներդրումների կառավարման և գործարար միջավայրի բարելավման ուղղությամբ:
ԱՄՀ գործընկերները կարևորել են Հայաստանի տնտեսական աճի բարձր տեմպը 2023թ. առաջին կիսամյակի ընթացքում (10.5%)։ Ըստ ԱՄՀ կանկախեսման՝ 2023թ. Հայաստանի ՀՆԱ-ի աճը կկազմի 7%, իսկ 2024թ. տնտեսական աճը կդանդաղի՝ կայունանալով 5%-ի մակարդակում: ԱՄՀ ներկայացուցիչների գնահատմամբ պետական պարտքը կառավարելի է և կայուն: Անդրադարձել են նաև գնաճի զսպմանն ուղղված հայկական կողմի ջանքերին, որն արդյունք է տվել ինչպես պրոակտիվ դրամավարկային քաղաքականության, այնպես էլ փոխարժեքի արժևորման և պարենային ապրանքների ու տրանսպորտային փոխադրումների գների անկման շնորհիվ:
ԱՄՀ-ն բարձր է գնահատել ՀՀ կառավարության արագ արձագանքը Հայաստան տեղափոխված ԼՂ ավելի քան 100,000 բռնի տեղահանված բնակչության կարիքներին՝ տրամադրելով դրամական աջակցություն, ժամանակավոր կացարաններ, ինչպես նաև ֆինանսական օգնություն՝ կացարանի և կոմունալ ծախսերը հոգալու համար։ Անդրադառնալով 2024թ. պետական բյուջեի նախագծին՝ նշվել է, որ այն պատշաճ կերպով ներառում է հիշյալ անձանց աջակցությունը՝ միաժամանակ ապահովելով մակրոտնտեսական կայունությունը։ ԱՄՀ-ն ակնկալում է, որ պետական բյուջեի պլանավորված պակասուրդը թույլ կտա իրականացնել առաջնահերթ սոցիալական և կապիտալ ծախսերը, իսկ եկամուտների մոբիլիզացումը բարելավելու շարունակական ջանքերը թույլ կտան ձևավորել անհրաժեշտ ռեսուրսներ: Բացի այդ, պլանավորված հարկաբյուջետային քաղաքականությունը թույլ կտա զերծ պահել տնտեսությունը գերտաքացումից և պահպանել պարտքը կայուն և կառավարելի մակարդակում: