«Ֆրանսիան փորձում է Ռուսաստանին դուրս մղել Անդրկովկասից»
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐIz.ru-ն գրում է, որ Հայաստանն ու Ֆրանսիան պատրաստվում են զենքի մատակարարման պայմանագիր կնքել: Ակնկալվում է, որ Փարիզը Երևանին կտա ՀՕՊ համակարգեր և զինամթերք։ Ընդհանուր առմամբ, վերջին ամիսներին Ֆրանսիան ակտիվացել է Անդրկովկասում։ Նա փորձել է մարդասիրական բեռներ տեղափոխել Ղարաբաղ և մի շարք բանաձևեր է նախաձեռնել Ադրբեջանի դեմ միջազգային կազմակերպություններում։ Փորձագետները կարծում են, որ Փարիզը ձգտում է դուրս մղել Ռուսաստանին Հայաստանից և ձեռք բերել ազդեցության նոր գոտի։
Անդրկովկասում Ֆրանսիայի ակտիվացումը բացատրվում է մի քանի գործոններով: Մի կողմից, հայկական սփյուռքը Ֆրանսիայում ամուր դիրքեր ունի. երկրում ապրում է մինչև 500 հազար էթնիկ հայ։ Բացի այդ, Ֆրանսիան վերջին շրջանում կորցնում է ազդեցությունը Աֆրիկայի իր նախկին գաղութներում: Միևնույն ժամանակ, Փարիզում շատ են խոսում, որ սև մայրցամաքում այդ ձախողումների պատճառը Ռուսաստանի ակտիվությունն էր։ Նման պայմաններում Երևանի հետ երկխոսության ընդլայնումը յուրօրինակ վրեժխնդրության փորձ է թվում։
Այնուամենայնիվ փորձագետները վստահ են, որ Ֆրանսիան չի կարողանա փոխարինել Ռուսաստանին Հարավային Կովկասում։ «Ռուսական ռազմաբազան և ռուս սահմանապահներն ապահովում են Հայաստանի անվտանգությունը։ Ֆրանսիան «գետնի վրա» ներկայություն չունի և չի էլ ակնկալվում, որ կունենա: Բացի այդ, Հայաստանը ԵԱՏՄ-ի մաս է և գոյատևում է հիմնականում ռուսական շուկա ազատ մուտքի շնորհիվ։ Ֆրանսիան նման բան չի կարող առաջարկել,- «iz.ru»-ին ասել է ՄԳԻՄՕ-ի Կովկասյան խնդիրների և տարածաշրջանային անվտանգության կենտրոնի առաջատար հետազոտող Նիկոլայ Սիլաևը,— կարծում եմ, որ Փարիզը կփորձի օգտագործել Կովկասում ստեղծված իրավիճակը սեփական միջազգային հեղինակությունը բարձրացնելու համար։ Բայց կլինի նվազագույն փաստացի բովանդակություն: Երևանն ու Փարիզը կշարունակեն փոխանակվել խորհրդանշական ժեստերով ու հայտարարություններով` բայց ոչ ավելին»։
Քաղաքագետ Արթուր Աթաևն էլ կարծում է, որ Ֆրանսիան չի պատրաստվում լուծել Անդրկովկասի խնդիրները։ «Չկա ոչ համապատասխան պատմական ավանդույթ, ոչ էլ քաղաքական կամք։ Բայց մենք գիտենք, որ ԵՄ-ն և ԱՄՆ-ը լավ կարողանում են ոչնչացնել ու խաթարել ինչ-որ մեկ ուրիշի ջանքերը: Կարծում եմ, որ այս դեպքում Փարիզը ցանկանում է չեզոքացնել Ռուսաստանի ազդեցությունը տարածաշրջանում, ինչպես նաև փորձում է իր համար որոշակի իմիջային միավորներ վաստակել։ Դա այն ամենն է, ինչ նա կարող է անել»,- ասել է նա:
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը