«ԵՄ գործընկերներից կփորձենք պարզաբանումներ ստանալ»․ Փաշինյանը՝ բրյուսելյան հանդիպման չեղարկման մասին
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԿան աշխատանքային մանրամասներ, որոնք մենք առաջիկա օրերին ԵՄ գործընկերներից կփորձենք պարզաբանումներ ստանալ եւ հասկանալ հետագա անելինքերը։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 25-ին, ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Բրյուսելում նախատեսված Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հանդիպման չեղարկմանը։
«Նախատեսված է այդպիսի հանդիպում, բայց հիմա հայտարարությունը եւ փաստն այն է, որ հոկտեմբերին չի կայանա, եւ ենթադրում եմ, որ պատճառն այն է, որ Ադրբեջանի նախագահը չի հաստատել իր մասնակցությունը այդ հանդիպմանը։ Նաեւ կան աշխատանքային մանրամասներ, որոնք մենք առաջիկա օրերին ԵՄ գործընկերներից կփորձենք պարզաբանումներ ստանալ եւ հասկանալ հետագա անելիքները, այդ թվում՝ ձեր նշած մի շարք հարցերի, իհարկե որոշ հարցերի որոշ պատասխան նաեւ ունենք, բայց նաեւ չէի ցանկանա շտապել այդ ամենի վերաբերյալ գնահատական հնչեցնել։ ԵՄ խորհրդի նախագահի 2023 թվականի հուլիսի 15-ի հայտարարության մեջ, որը վերաբերում էր եռակողմ հանդիպմանը, որի մասնակցում էր ԵՄ խորհրդի նախագահ, Ադրբեջանի նախագահը եւ ես, դրանում արձանագրված են այն 3 կարեւոր սկզբունքները, որոնց հիման պայմանավորվել ենք, որ պետք է տեղի ունենա խաղաղության գործընթացը եւ կնքվի խաղաղություն, դրանցից առաջինը Հայաստանի եւ Ադրբեջանի փոխադարձաբար միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչելն է, երկրորդը՝ սահմանների դելիմիտացիայի իրականացումն է, երրորդը՝ տարածաշրջանային կոմունիկացիաների բացումը պետք է տեղի ունենա երկրների սուվերենության իրավազորության հիման վրա՝ փոխադարձության եւ հավասարության սկզբունքով»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անուշ Քլոյանի ճշտող հարցին, թե բանակցությունների ի՞նչ հեռանկար է ինքը տեսնում, Փաշինյանն ասաց․
«Այդ 3 սկզբունքների հիման վրա մենք պետք է առաջ գնանք եւ արդեն տեղայնացնենք այդ 3 սկզբունքները, այսինքն՝ դա տեղայնացնենք գետնի վրա։ Մենք նվիրված ենք խաղաղության օրակարգին եւ գործընթացին։ Հույս ունեմ, որ գործընթացը կշարունակվի եւ կհասնի տրամաբանական ավարտին»։
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Հարավային Կովկասի եւ Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը հայտարարել էր, որ հոկտեմբերի վերջին Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հանդիպում տեղի չի ունենա: ԵՄ հատուկ ներկայացուցիչը դա պատճառաբանել էր ժամանակի սղությամբ: