Զուրաբյան․ Համոզված եմ՝ Արցախի ներկայացուցչության մոտ բողոքի ցույցը կազմակերպել են ՀՀ իշխանությունները
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՀամոզված եմ, որ Հայաստանում Արցախի ներկայացուցչության մոտ բողոքի ցույցը կազմակերպել են Հայաստանի իշխանությունները։ Այս մասին NEWS.am -ի թղթակցի հետ զրույցում ասել է Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Լևոն Զուրաբյանը։
Նա ակնհայտ է համարել, որ Հայաստանում Արցախի ներկայացուցչությունը ռեսուրս չունի քաղաքացիների բարձրացրած խնդիրները լուծելու համար։
Խնդրի հասցեատերը Հայաստանի կառավարությունն է, հավելել է նա։
«Փաշինյանն այսօր զբաղված է Արցախից հայերի վտարման պատասխանատվությունից հրաժարվելով։
Նա զբաղված է այնպիսի գործընթացների ձևավորմամբ, որոնք կշեղեն հասարակության ուշադրությունը Արցախի հայաթափման գլխավոր մեղավորից և պատասխանատուից»,- պարզաբանել է քաղաքական գործիչը։
Նշենք, որ Հայ ազգային կոնգրեսը գլխավորում է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։
Առավոտյան Հայաստանում Արցախի ներկայացուցչության շենքի մոտ բողոքի ցույց է սկսվել, որից հետո իրավիճակը սրվել է, և ցուցարարները մտել են ներկայացուցչության շենք՝ պահանջելով հանդիպում Սամվել Շահրամանյանի հետ։ Շահրամանյանը դուրս է եկել ցուցարարների մոտ և պատասխանել հավաքվածների հարցերին։ Նա նշել է, որ շատ հարցերի չի կարող պատասխանել, քանի որ դրանով կվտանգի Հայաստանի և Արցախի շահերը։ Ըստ նրա, ոչ ոք չի կարող վերացնել Արցախի Հանրապետությունը. Քանի որ ներկաներն ընդհատում էին Շահրամանյանին, վերջինս առաջարկել է շենքի ներսում հանդիպել արցախցիների հետ։
Սրանից հետո Շահրամանյանը փակ դռների հետևում հանդիպում է անցկացրել մի քանի տասնյակ արցախցիների հետ։