Նիկոլականները վաղուց հատել են չտեսության բոլոր սահմանները
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐՀայ հանրությունը երեկվանից «ցնցված է», պարզել են, որ Ազգային ժողովի ՔՊ-ական պատգամավոր էմմա Պալյանն իր եղբորն ու ամուսնուն աշխատանքի է տեղավորել խորհրդարանում։ Պատգամավորը հայտարարել է, թե եղբորն աշխատանքի տեղավորելու հետ կապված որևէ մասնակցություն չի ունեցել, նա էլ իր պես ակտիվ ՔՊ-ական է, իսկ ամուսինն ընդամենը հասարակական հիմունքներով օգնական է աշխատում և ոչ մի դրամ չի վարձատրվում։ «Իմ ամուսինը հասարակական հիմունքներով օգնական է գրանցված միայն այն պատճառով, որ ես մարզից ընտրված պատգամավոր հաճախ եմ լինում Շիրակի մարզում և Գյումրիում և երբ տեղափոխվում եմ Երևան, իմ ամուսինն է ինձ բերում Ազգային Ժողով, որպեսզի շենքի դրսում չսպասի, դա իրեն հնարավորություն է տալիս մուտք գործել ԱԺ շենք և իմ աշխատասենյակում սպասել մինչև ես աշխատանքս ավարտեմ և միասին վերադառնանք մարզ կամ, այլ գործի, դա էլ ոչ շատ հաճախ է լինում»,- հպարտ հայտարարել է Պալյանը՝ չհասկանալով, որ այդ կերպ հերթական հարվածն է հասցնում սեփական կուսակցության առանց այն էլ չեղած հեղինակությանը։
Թեպետ հարկ է նշել, որ ընտանիքի անդամներին տարբեր պաշտոնների նշանակելու առումով, ԽԾԲ-ն չարաշահելու գծով «Քաղաքացիական պայմանագիրը» վաղուց գերազանցել է հնարավոր բոլոր նախորդներին։ Ժամանակին նույն այդ «սկզբունքի» դեմ պայքարող Փաշինյանը թույլ է տվել իր կուսակիցներին՝ յուրաքանչյուրն իր աշխատանքից ոչինչ չհասկացող որևէ որակավորում չունեցող բարեկամին տարբեր պաշտոնների տեղավորի, ինքը՝ Փաշինյանն էլ զերծ չի մնացել այդ գայթակղությունից, սեփական աներձագին պատգամավոր է դարձրել, Աննա Հակոբյանի տարատեսակ բարեկամներն էլ պատգամավոր, փոխքաղաքապետ, կամ այլ պաշտոնների են նշանակվել։
Ի դեպ Պալյանը հպարտանում է, թե ամուսինը որևէ գումար չի վաստակում Ազգային ժողովից, մինչդեռ փաստն այն է, որ նա սեփական ամուսնուն նաև տեղավորել է անտառտնտեսությունում աշխատանքի։ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Գյումրիի անտառ-տնտեսության մասնաճյուղում անտառապետ է գրանցվել և աշխատավարձ է ստանում։ Թե ինչպես է անտառապետը հասցնում իր պատգամավոր կնոջը մի հատ էլ Երևան տեղափոխել, իհարկե որևէ պարզաբանում այս կապակցությամբ չկա։
Եվս մեկ այլ չտեսության դրսևորում, ամուսնու հետ մեքենայով Գյումրի և Շիրակ գնացող պատգամավորը նաև Ազգային ժողովից ստանում է մարզային պատգամավորներին հասանալիք ամսական 100 հազար դրամը, որը նախատեսված է Երևանում բնակարանի վարձակալության համար։ Ինչպես տեսնում եք «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավորները վաղուց հատել են չտեսության բոլոր գծերը և նոր հատակներ են ծակում։
Անիտա Սողոմոնյան