Արցախից տարհանված կալանավորներն ազատության մեջ են
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԱրցախցիների տեղահանման վերջին օրերին Լեռնային Ղարաբաղից ազատ են արձակել տարբեր հանցագործությունների մեջ մեղադրվող 10 կալանավորներ և մեկ դատապարտյալ։ Հայաստանի իրավապահ մարմինները մինչ օրս տեղյակ չեն, թե որտեղ են այժմ գտնվում նրանք։
2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո, երբ Շուշին հայտնվեց Ադրբեջանցիների ձեռքում, դատապարտյալներին և կալանավորներին տեղափոխել էին Ստեփանակերտ, որտեղ նրանց համար առանձին տեղ էին առանձնացրել, իսկ այս տարվա սեպտեմբերի ադրբեջանական հարձակումից և Արցախի Հանրապետության լուծարումից, արցախցիների միահամուռ տեղահանումից հետո դատապարտյալներին չէին կարող թողնել Ստեփանակերտում, նրանց դուրս բերելու համար որևէ մեքենա չի առանձնացվել, ընդամենը դատարանի որոշմամբ փոխվել է խափանման միջոցը և թույլ են տվել տեղափոխվել Հայաստան։
Հայաստանի իրավապաներն էլ ոչնչից տեղյակ չեն և տարօրինակն այն է, որ այդ կալանավորներից առնվազն 6-ը մեղադրվում են պետական դավաճանության և լրտեսության մեջ։ Նույնիսկ հայտնի չէ արդյոք նրանք գտնվում են Հայաստանում, թե հասցրել են հեռանալ արտերկիր։
Այս ամենը հերթական անգամ վկայում է Հայաստանի ձախողված պետություն լինելու հանգամանքը, որ իրավապահ կառույցները փոխանակ պայքարելու դավաճանությունների, լրտեսությունների և այլ հանցագործությունների դեմ, ընդամենը դարձել են փաշինյանական վարչախմբի մահակը՝ ընդդիմախոսների դեմ պայքարում և թքած ունեն ազգային անվտանգությանը սպառնացող վտանգների վրա։ Թեպետ դա էլ օրինաչափ է։ Հայաստանում ազգային անվտանգությանը սպառնացող ամենամեծ վտանգը հենց փաշինյանական իշխանությունն է։
Արմինե Ղազարյան