Փաշինյանական վարչախումբն իրեն երջանիկ զգալու նոր առիթ է ստացել
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐՓաշինյանական վարչախումբն իրեն երջանիկ զգալու նոր առիթ է ստացել։ Համաձայն «World population review» 2023 թվականի վարկանիշի՝ Հայաստանը հանցավորության ամենացածր մակարդակ ունեցող երկրների շարքում զբաղեցրել է 9-րդ տեղն աշխարհում, ընդ որում նախկին Խորհրդային հանրապետություններից հանցավորության ամենացածր մակարդակն ունի Հայաստանը։ 10 –րդ տեղում Վրաստանն է, 33-րդ տեղում՝ Ադրբեջանը։ Թուրքիան 48–րդ տեղում է, իսկ Ռուսաստանը՝ 50-րդը, հարևան Իրանը զբաղեցրել է վարկանիշի 87-րդ հորիզոնականը։
Աշխարհում հանցավորության ամենացածր մակարդակ ունեցող երկիրը համարվում է Քաթարը, իսկ ամենաբարձրը՝ Վենեսուելան։ Քրեագետների կարծիքով այս վարկանիշն ամենևին էլ չի արտացոլում իրականությունը և ավելի շուտ քաղաքական գնահատական է, ցույց է տալիս Արևմուտքի վերաբերմունքը տարբեր երկրներին։ Հենց դա է պատճառը, որ ԱՄՆ գլխավոր հակառակորդներից մեկը՝ Վենեսուելան հայտնվել է ամենավատ հորիզոնականում, մինչդեռ այս վարկանիշը բավականին լավ առիթ է դարձել գործող վարչախմբի համար՝ փորձելով ներկայացնել, թե իրենք ամեն ինչ անում են հանցավորության մակարդակը նվազեցնելու համար։ Հենց թեկուզ պաշտոնական վիճակագրության համաձայն՝ Հայաստանում ամեն ինչ այս առումով բարվոք չէ, չհաշված քաղբանտարկյալների բավական բարձր թիվը և պարբերաբար իրավապաշտպանների կողմից Հայաստանի հասցեին հնչող քննադատությունները։
Ինչևէ, սա ոչ առաջին և ոչ էլ վերջին վարկանիշն է, որտեղ Արևմուտքը փորձելու է փաշինյանական վարչախմբին ինչ-ինչ դիվիդենտներ փոխանցել ընդամենը քարոզչական նպատակներով, սակայն դրանից իրականությունն ամենևին չի փոխվում։
Անի Մուրադյան