Ալիևը փորձում է ժամանակ ձգել և նորանոր զիջումներ կորզել Հայաստանից
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԳրանադայում կայացած հանդիպմանը չմասնակցելով՝ Իլհամ Ալիևը փորձում է ժամանակ ձգել և նորանոր զիջումներ կորզել Հայաստանից։ Հիշեցնենք՝ պաշտոնական Բաքուն պատճառաբանել էր Ֆրանսիայի հայամետ դիրքորոշումը, ինչպես նաև Թուրքիայի նախագահ Էրդողանին հանդիպման չկանչելը և հրաժարվել էր մեկնել Գրանադա, որտեղ էլ կայացել էր միայն Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ համատեղ հայտարարության ստորագրումը։
Բաքվում մտավախություն ունեն, թե Գրանադայում իրենց պարտադրելու էին ինչ-որ բան ստորագրել, ուստի և չի մեկնել։ Այժմ էլ Բաքուն փորձում է տարբեր հարթակներ տեղափոխել խաղաղության բանակցությունները, ոչ միայն եվրոպական, կամ ռուսական, այլ նաև հնարավոր ցանկացած իրավիճակ օգտագործում է Հայաստանի դեմ։
Մասնավորապես, նախօրեին Թբիլիսի կատարած աշխատանքային այցի ընթացքում Իլհամ Ալիևը հայտարարել է, թե Բաքուն պատրաստ է Վրաստանում բանակցություններ վարել Երևանի հետ, բայց դրա համար անհրաժեշտ է նաև Հայաստանի համաձայնությունը։ Վրաստանի վարչապետ Իրաքլի Ղարիբաշվիլին իր հերթին հույս է հայտնել, որ Ադրբեջանի ու Հայաստանի միջև խաղաղության պայմանգիրը կարող է իրականություն դառնալ։ Ավելին, Ղարիբաշվիլին առաջարկել է Թբիլիսիի միջնորդական ծառայություններն այդ հարցում։
Վրաստանի պարագայում ամեն ինչ հասկանալի է։ Վրասստանը ցանկանում է ավելի մեծացնել իր ազդեցությունը տարածաշրջանում և Հարավային Կովկասում, ուստի և այս առաջարկն առանձնապես տարօրինակ համարել չի կարելի, հատկապես որ պաշտոնական Թբիլիսին մի քանի անգամ նման առաջարկներ ևս արել է։ Խնդիրը բացառապես Ադրբեջանի դիրքորոշումն է, որն այժմ էլ այս հարթակն է փորձելու օգտագործել խաղաղության բանակցությունները ձգձգելու նպատակով։ Եթե անհրաժեշտ լինի Ալիևն ընդհուպ, կդիմի մինչև Մադագասկարի օգնությանը, միայն թե հնարավորինս ձգձգի խաղաղության պայմանագրի ստորագրումը՝ մինչ այդ նորանոր զիջումներ կորզի Հայաստանից։
Արևիկ Մանուկյան