«Արցախի ներկայացուցչությունը և Օպերատիվ շտաբը կապի մեջ են ՀՀ Կառավարության հետ». ՀՀ-ում Արցախի ներկայացուցչության խոսնակ
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԱրցախից բռնի տեղահանված 100 հազարից ավելի արցախահայերի մի մասը ժամանակավոր կացարան է գտել Երևանում և ՀՀ տարբեր մարզերում, մի մասը ծանոթ-բարեկամի տանն է գիշերում, մի մասն էլ երեխաների հետ գիշերում է սեփական մեքենաներում։ 9 ամիս ադրբեջանական շրջափակման մեջ գտնվելուց, ապա ժամեր, երբեմն՝ նույնիսկ օրեր շարունակ հաղթահարելով գաղթի երկար ճանապարհը, նրանցից շատերը հայտնվել են հոգեբանական ծանր դրության մեջ։ Շատերը դեռ չեն կողմնորոշվում, թե ինչ պետք է անեն Հայաստանում, երբ ոչինչ չունեն՝ ադրբեջանական ցեղասպանությունից հասցրել են մի կերպ փախչել։ Բազմաթիվ խնդիրներ կան, որոնց լուծումներն արցախահայության համար դեռևս տեսանելի չեն։
ՀՀ-ում Արցախի ներկայացուցչությունն ի՞նչ կարող է անել բռնի տեղահանված արցախահայության համար, նրանք դիմո՞ւմ են որևէ աջակցության համար։
168.am-ի հետ զրույցում Հայաստանում Արցախի մշտական ներկայացուցչության մամուլի քարտուղար Արմինե Հայրապետյանն ասաց, որ բոլոր աշխատանքներն իրականացնում է ՀՀ կառավարությունը։
«Մենք ընդամենը կարողանում ենք խնդիրները, կարիքներն առանձին փոխանցել ՀՀ-ում Արցախի օպերատիվ շտաբին, նա էլ փոխանցում է Կառավարությանը։
ՀՀ-ում Արցախի նեկայացուցչությունը և Օպերատիվ շտաբը կապի մեջ են ՀՀ Կառավարության հետ և ամեն ինչը համատեղ՝ հանձնախմբի շրջանակներում են իրականացնում։ Առանձին որևէ բան չենք կարողանում անել»,- նշեց Արմինե Հայրապետյանը։
Նշենք, որ ավելի վաղ ՀՀ-ում Արցախի օպերատիվ շտաբի ղեկավարն ասել էր, որ գործառույթներն ամբողջությամբ իրականացնում է Սոցիալական հարցերի նախարարարությունը, իսկ օպերատիվ շտաբն օգնում է: Կենսաթոշակների և նպաստների տրամադրման ժամանակ այդ գործընթացը կկազմակերպի Օպերատիվ շտաբը։