Վարչախմբի էժան վրեժխնդրությունը գերեվարված Ռուբեն Վարդանյանից
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐՆախօրեին Մատենադարանի մոտից կայացել է երթ՝ ի պաշտպանություն «Արցախի անվտանգության և զարգացման ճակատի» համակարգող, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի և ադրբեջանական բանտերում գտնվող այլ ռազմագերիների։ Քաղաքացիները պարզել են «Ազատություն Ռուբենին և բոլոր գերիներին» գրությամբ պաստառներ, պահանջել են, որ ադրբեջանական կողմն ազատ արձակի Ռուբեն Վարդանյանին, ինչպես նաև պահանջում են միջազգային դերակատարներին միանալ այս պահանջին և նպաստել բոլոր հայ գերիների վերադարձին։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Արցախից Հայաստան գալու ճանապարհին՝ Հակարիի կամրջի անցակետում ադրբեջանական կողմն առևանգել է Ռուբեն Վարդանյանին և տեղափոխել Բաքու: Նրան ահաբեկչությունը ֆինանսավորելու մեղադրանք է առաջադրվել։ Ադրբեջանի դատարանը Ռուբեն Վարդանյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրել կալանքը՝ 4 ամիս ժամկետով։ Ի պաշտպանություն Ռուբեն Վարդանյանի և այլ գերիների երթը բավական բազմամարդ է եղել, հարյուրավոր մարդիկ անցել են Երևանի փողոցներով, անցորդներին ներկայացրել կատարվածը, նաև միջազգային հանրությունից պահանջել ջանքեր գործադրել ադրբեջանական բանտում հայտնված հայորդիներին ազատելու ուղղությամբ։
Այս իրավիճակում ուշագրավը Հայաստանի հանրային հեռուստաընկերության վարքն է։ Մինչ Հանրայինը երեք անգամ ցուցադրում էր Արցախի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի հարցազրույցը, որտեղ նա հանիրավի ու կեղծ մեղադրանքներ էր սփռում Վարդանյանի, Արցախի այլ նախկին ու ներկա ղեկավարների հասցեին, այս երթին նույնիսկ արձագանք չի եղել լրատվական թողարկումներում։ Հանրային հեռուստաընկերությունը միշտ է եղել գործող իշխանությունների կցորդը, նրանց բոլոր քմահաճույքների կատարողը, բայց շատ դեպքերում պահել է կարմիր գիծը, չի հատել բարոյականության սահմանները։
Թերևս, այնքան մեծ է Նիկոլ Փաշինյանի ու նրա հանցախմբի էժան վրեժխնդրությունը Բաքվի բանտում գտնվող Ռուբեն Վարդանյանի նկատմամբ, որ հարկ չեն համարել անգամ հպանցիկ հիշատակել երթի մասին։ Այս էլ կանցնի, Վարդանյանը կվերադառնա գերությունից, սակայն Նիկոլ Փաշինյանը, նրա կողմնակիցներն ու նրան ինքնամոռաց ծառայություն մատուցող «վայ-լրագրողները» չեն կարողանա իրենց վրայից մաքրել սև բծերը։
Աննա Մարգարյան