«Քաղաքագետ Տարասովն անվանել է ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու ոչ ակնհայտ հետևանքները»
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐAif.ru-ն գրում է, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից (ՀԱՊԿ) Հայաստանի դուրս գալը, ինչի մասին ակնարկում են այդ երկրի քաղաքական գործիչները, կարող է բացասական արձագանք առաջացնել հարևան Իրանի կողմից։ Նման կարծիք է հայտնել քաղաքագետ Ստանիսլավ Տարասովը։
Ավելի վաղ, Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի ֆոնին, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ անարդյունավետ է համարում այն անվտանգության կառույցները, որոնց ապավինում է երկիրը։ Հանրապետության հանրային տարածքում նման հռետորաբանությունն արդեն իսկ ավելի արմատական ձևեր է ստացել և հասել ՀԱՊԿ-ից ամբողջական դուրս գալու կոչերի։
«Իրանում, դատելով տեղական մամուլում հրապարակված հոդվածներից, անհանգստացած են Փաշինյանի այն հայտարարություններով, թե Հայաստանը ծրագրում է դուրս գալ ՀԱՊԿ-ից։ Եթե դա տեղի ունենա և նրա տարածքում ամերիկյան բազա հայտնվի, ապա դա լուրջ վտանգ կստեղծի Իրանի համար»,- aif.ru-ին տված մեկնաբանությունում ասել է Ստանիսլավ Տարասովը։
Իրանը, ընդհանուր առմամբ, նաև զգուշանում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունից, նշել է փորձագետը։ Այդ թվում հաշվի առնելով Զանգեզուրի միջանցքի նախագիծը, որը կարող է Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը կապել արևմտյան Ադրբեջանի տարածքի հետ։ Այս պահին Ադրբեջանի երկու հատվածները բաժանված են Հայաստանի տարածքով, որը դեմ է նման միջանցքի ստեղծմանը։ «Իրանում վախենում են, որ Զանգեզուրի միջանցքի շուրջ հակամարտությունը կարող է ազդել հենց Իրանի թյուրքական նահանգների վրա, որտեղ միլիոնավոր մարդիկ են ապրում։ Դժվար է ասել, թե Իրանի ղեկավարությունն ինչպես կարձագանքի և կվարվի նման իրավիճակում»,- ասել է Ստանիսլավ Տարասովը։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը