ՄԱԿ գլխավոր քարտուղարի ցեղասպանության կանխման գծով հատուկ խորհրդականը տագնապալի է անվանել Ադրբեջանի ագրեսիան
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՑեղասպանության կանխման գծով ՄԱԿ գլխավոր քարտուղարի հատուկ խորհրդական Էլիս Վայրիմու Նդերիտուն տագնապալի է անվանել Ադրբեջանի կողմից վերջին ռազմական էսկալացիան եւ ընդգծել է հետագա բռնության կանխման եւ տարածաշրջանում ամուր խաղաղության ապահովման կարեւորությունը, տեղեկացրել է ՄԱԿ մամուլի ծառայությունը։
«Ռազմական գործողությունները կարող են միայն նպաստել էսկալացիային եւ առանց այդ էլ լարված իրավիճակին ու քաղաքացիական բնակչությանն այդ շրջանում ենթարկել բռնության վտանգին, ներառյալ ցեղասպանության եւ դրա հետ կապված չարագործությունների հավանականությունը։ Անհրաժեշտ է գործադրել բոլոր ջանքերը բռնության կանխման եւ խաղաղության պահպանման համար»,- ընդգծել է հատուկ խորհրդականը։
Նդերիտուն կրկնել է երկխոսության եւ խաղաղության իր կոչը, ինչպես նաեւ կոչ է արել խուսափել լարվածության ցանկացած խորացումից, նա ընդգծել է բռնության ազդեցությունն անմեղ եւ խոցելի քաղաքացիական անձանց վրա, նշվել է հաղորդագրությունում։
«Ռազմական էսկալացիայի նախորդ դեպքերը տարածաշրջանում զգալի բացասական ներգործություն են ունեցել քաղաքացիական բնակչության վրա, տեղեկություններ են ստացվել նաեւ զոհերի մասին քաղաքացիական բնակչության շրջանում՝ վերջին էսկալացիայի հետեւանքով։ Բացի այդ, տարածաշրջանում հաճախակիացել են տեղեկություններն ատելության եւ երկպառակության հրահրման մասին, ինչը խորացնում է լարվածությունը։ Բռնությունը եւ ատելությունը ուժեղացնում են մեկը մյուսին։ Մենք պետք է խզենք այդ արատավոր շրջանը եւ աշխատենք ապագայի կառուցման ուղղությամբ, որտեղ այլեւս չեն լինի բռնություն եւ բաժանում։ Ես համառորեն կոչ եմ անում բոլոր կողմերին կառուցողական երկխոսություն եւ բանակցություններ վարել՝ միջազգային հումանիտար իրավունքի եւ մարդու իրավունքների նորմերի լիակատար հարգման պայմաններում»,- ասել է նա։
Հատուկ խորհրդականը նաեւ մտահոգություն է հայտնել այն առնչությամբ, որ այդ իրադարձությունները տեղի են ունենում՝ չնայած հումանիտար օգնության վերջերս արձանագրված առաջընթացին, այդ թվում Լաչինի միջանցքով։ Հատուկ խորհրդականը հիշեցրել է Միջազգային դատարանի (ՄԴ) 2023թ. փետրվարի 22-ի որոշման մասին, որը հաստատել է դատարանը 2023թ. հուլիսի 6-ին, դրանում նշվել են այն ժամանակավոր միջոցները, որոնք վերաբերում են ռասայական խտրականության բոլոր ձեւերի վերացման Միջազգային կոնվենցիայի կիրառմանը (Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի)։ Նա նաեւ կրկնել է Միավորված Ազգերի Կազմակերպության գլխավոր քարտուղարի 2033թ. փետրվարի 24-ի եւ օգոստոսի 3-ի կոչերը՝ նշելով, որ Միջազգային դատարանի որոշումները պարտադիր են կողմերի համար։ Հատուկ խորհրդականը նշել է այն բանի կարեւորությունը, որ դրանք պետք է կատարվեն ողջ ծավալով, ներառյալ բոլոր միջոցները ձեռնարկելու հրամանը Լաչինի միջանցքով մարդկանց, տրանսպորտային միջոցների եւ բեռների անխոչընդոտ տեղափոխման ապահովման մասին՝ երկու ուղղություններով։