Որ դեպքում է Թևանյանը պատրաստ համագործակցել Հայկ Մարությանի հետ
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՈրպես այդպիսին, ուղղակի բանակցություններ չկան: Մեր սկզբունքն է՝ մենք պատրաստ ենք քննարկել համագործակցության բոլոր ձևաչափերը, այն դեպքում, եթե ուժը կիսում է մեր մոտեցումները ամբողջական իշխանափոխության ծրագրի մասով։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Մայր Հայաստան» դաշինքը գլխավորող Անդրանիկ Թևանյանը:
«Ես հայտարարել եմ, որ հրաժարվում ե ԱԺ պատգամավորի մանդատից, չեմ գնում Երևանի ավագանու մանդատ ստանալու ճանապարհով, այլ մենք գնում ենք իշխանափոխության ճանապարհով, որ ապահովենք Հայաստանի և Արցախի անվտանգությունը։ Մեզ սարսափելի պրոցեսներ են սպասվում այս իշխանության մնալու դեպքում»,- ասաց նա։
Անդրադառնալով Հայկ Մարությանին, Թևանյանն ասաց, որ առաջնորդվում են այն մոտեցմամբ, որ կարևորը տեսնել՝ Մարությանը կիսում է իրենց օրակարգը ամբողջական իշխանափոխության մասով, թե ոչ:
«Եթե հնարավոր համագործակցությունը տեղի ունենա, մենք չենք հավակնում որևէ պաշտոն վերցնելու։ Մեր հասարակությունը հնարավորություն տվել է, որ իշխանազրկում լինի և այո՛՝ մենք պատրաստ ենք համագործակցության, բայց միայն մեր օրակարգը կիսելու դեպքում։ Եթե Նիկոլ Փաշինյանը մնա մինչև տարեվերջ՝ Էրիվան կլինի»,- շեշտեց Թևանյանը: