Չփոխել վեկտորը. ինչու՞ վախեցավ Փաշինյանը
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐՆիկոլ Փաշինյանը երեկ հայտարարել է, թե Հայաստանը չի փոխում արտաքին քաղաքական վեկտորը։ Իհարկե, Փաշինյանն իր այս հայտարարությունն անելով, փորձել է հնարավորինս շրջանցիկ և խուսափողական հայտարարություն անել՝ նշելով, թե Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորը փոխել հնարավոր չէ, քանի որ այն ո՛չ ռուսամետ է, ո՛չ ամերիկամետ է, այլ համապատասխանում է Հայաստանի շահերին։
Թերևս, սակայն, կարելի է պատկերացնել, որ կախված նաև Երևանի ավագանու ընտրությունների արդյունքների և հնարավոր քաղաքական զարգացումների հետ, Փաշինյանը գիտակցում է, որ կարող է լրջագույն խնդիրներ ունենալ, այդ թվում նաև Ռուսաստանից և փորձում է առայժմ չքչփորել մեղվի բույնը, որպեսզի անձնական և քաղաքական խնդիրներ չունենա Ռուսաստանի հետ։
Այն, որ Ռուսաստանը հատկապես Միացյալ Նահանգների վերջին ակտիվացումից հետո զգալիորեն ակտիվանալու փորձեր է անում մեր տարածաշրջանում, որևէ կասկած չի հարուցում։ Փաշինյանի՝ վերջին շրջանի արտաքին քաղաքական վայրիվերությունները և հստակ հակառուսական գիծն իվերջո պետք է հանգեցնեն Ռուսաստանի կողմից լրջագույն միջամտության։
Ինքը՝ Փաշինյանը, բավականին լավ հոտառություն ունենալով, հասկանում է նման զարգացումների հետևանքները, և մեր աղբյուրների փոխանցմամբ՝ առայժմ իր արևմտյան հովանավորներին հորդորել է փոքր-ինչ մեղմացնել տոները՝ գիտակցելով, որ իրենք և գցելու և պատժելու ժամանակ, նույն այդ արևմտյան տերերն ամենևին էլ իրեն թիկունք չեն կանգնելու և անվտանգության երաշխիքներ չեն տալու։
Թեև հենց սա է պատճառը Նիկոլ Փաշինյանի կողմից, տոնայնության որոշակի փոփոխության և ավելի մեղմ հայտարարությունների, ինչն էլ ապացուցում է, որ նույն «Քաղաքացիական պայմանագիրն» է հասկանում, որ լրիվ հակառուսականության ձգտելը կարող է իրենց համար չափազանց տխուր հետևանքներ ունենալ։
Աշոտ Սարհատյան