Ստեփանակերտը հարկադրված ընդունել է Ադրբեջանի առաջարկը
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐՊաշտոնական Ստեփանակերտը համաձայնվել է Աղդամի ճանապարհով և Լաչինի միջանցքով հումանիտար բեռների միաժամանակյա տեղափոխումը։ Արցախի տեղեկատվական շտաբը երեկ հայտարարել է, թե ընդունել են «Կարմիր խաչի» Ստեփանակերտի գրասենյակի ու ռուս խաղաղապահների առաջարկը՝ հաշվի առնելով խորացող աղետն ու անվտանգային իրադրությունը։ «Ադրբեջանի կողմից Արցախի պաշարման հետևանքով առաջացած ճգնաժամն օրեցօր խորանում է, հացահատիկի հայթայթման ու հացի արտադրամասերին ալյուրի մատակարարման գործընթացը կառավարությունը կազմակերպում է սուղ պայմաններում և, ցավոք սրտի, ոչ միշտ է հաջողվում ամեն օր ապահովել կտրոնային համակարգով նախատեսված քաղաքացուն օրական հասանելիք 200 գրամ հացը»,- ասվում է տեղեկատվական շտաբի հաղորդագրությունում։ Ադրբեջանի իշխանությունները հայտարարել են, որ Աղդամով ու Լաչինով կընդունեն արտասահմանյան ծագման բեռներ՝ բացառապես «Կարմիր խաչի», այլ ոչ այլ մեքենաներով։ Ըստ էության, սա նշանակում է ընդունել ադրբեջանական կողմի պահանջները, սակայն Արցախի իշխանությունները ստեղծված իրավիճակում չունեին այլ տարբերակ, հատկապես, որ Հայաստանի իշխանությունները լիովին մենակ են թողել Արցախին և զբաղված են Երևանի ավագանու ընտրությունների գործընթացով, իսկ հումանիտար բեռներով մի քանի տասնյակ բեռնատարներն արդեն մոտ երկու ամիս մնացել են Հակարիի կամրջի մոտ։
Իհարկե, հեշտ է Երևանից, կամ աշխարհի այլ քաղաքներից տաք սենյակում նստած քննադատել Արցախի իշխանություններին և արցախցիներին, սակայն պետք է հաշվի առնենք, որ մենք այդ մարդկանց թողել ենք սովամահության ճիրաններում և նրանք, ի վերջո, ստիպված են գնալ այս քայլին։ Այն, որ այս քայլը միակ արդարացվածն էր այս պայմաններում, գրեթե կասկած չի հարուցում ոչ ոքի մոտ, իսկ այսպիսի օրհասական վիճակի չհասնելու համար, առաջին հերթին հարկավոր էր Հայաստանում ունենալ ազգային իշխանություն, որը ջանքեր կգործադրեր Արցախի հարցը միջազգային ատյաններում ըստ առժանվույնս ներկայացնելու, Արցախում ստեղծված իրավիճակի մասին միջազգային հանրությանը տեղ հասցնելու և պարտադրելու միջոցներ ձեռնարկել, իսկ այսպես որևէ մեկը բարոյական իրավունք չունի քննադատելու արցախցիներին նման որոշում կայացնելու համար։
Սոնա Քերոբյան