Միտինգ քշվածները. Փաշինյանը տապալվում է Երևանում
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐՆիկոլ Փաշինյանն ու «Քաղաքացիական պայմանագիրը» խայտառակ կերպով տապալեցին երեկ իրենց հանրահավաքը։ Նույնիսկ վարչական ռեսուրսների, մարզերից բոլոր պետական հաստատություններին և ուսումնական հաստատություններին պարտադրելով, տրանսպորտ և սնունդի փող տրամադրելով՝ Փաշինյանին չէր հաջողվել լցնել տարածքը Ռուսաստանի հրապարակում, ուր հավաքվել էին երթից հետո։ «Իրազեկ քաղաքացիների միավորումը», որն անհատական նույնականացման մեթոդով մշտապես ճիշտ թիվ է տալիս, հայտնել էր, թե ժամը 20։15-ի դրությամբ Մյասնիկյանի արձանի մոտ ընդամենը 4800 մարդ կա։
Թերևս հենց այդ հանգամանքն էր պատճառը, որ Նիկոլ Փաշինյանը երեկ կորցրել էր հավասարակշռությունը։ Աջ ու ձախ վիրավորում, սև ու սպիտակ էր խաղում, նաև իր բոլոր հիմնական մրցակիցների հասցեին սպառնալիքներ էր տեղում։ Փաշինյանը ցանկանում էր այս հանրահավաքով ցույց տալ իր ուժը հանրությանը, ապացուցել, որ կարող է մեծ զանգվածներ հավաքել նախկինի պես, փոխարենն այնպես ձախողվեց, որ անգամ իր կողմնակիցներն են շփոթված և նեղված։
Բնական է, որ այսպիսի տապալումից հետո նույնիսկ նախկիններն ու քրեական հեղինակությունները, որոնք խոստացել էին աջակցել ընտրություններում Նիկոլ Փաշինյանի թեկնածուին, այլևս կարող են չանհանգստանալ և ընդհանրապես չաշխատել իշխանության թեկնածուի օգտին, ավելին, խելք ունենալու դեպքում, կաջակցեն ընդդիմությանը՝ հստակ գիտակցելով, որ սեպտեմբերի 17-ից հետո արդեն հաշված օրեր են մնալու Նիկոլ Փաշինյանի իշխանությանը։ «Մենք Երևան քաղաքն ազատագրել ենք քրեական տարրերի գերիշխանությունից»,- երեկ հայտարարում էր Փաշինյանը։
Սուտ. յուրաքանչյուրը գիտի, թե իրականում ինչպես են հարաբերվում քրեականների հետ գործող իշխանությունները, բայց ընդամենը մեկ-երկու օրվա ընթացքում Երևանը և ոչ միայն Երևանը, հնարավոր կլինի ազատագրել դավաճան տարրերի գերիշխանությունից։
Արևիկ Մելիքսեթյան