Այս պայմաններում ցնցումներն Արցախում հակացուցված են. Տիգրան Աբրահամյան
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԱրցախի նորընտիր նախագահից առաջին հերթին սպասելիք ունի արցախցին, Արցախում ապրող մարդը, որովհետև բավականին ծանր, ճգնաժամային վիճակ է բաժին հասել Սամվել Շահրամանյանին և այս փուլում նաև շատ կարևոր է, որ հայտնվել է մարդ, ով պատասխանատվություն է ստանձնել: Այս մասին ասաց ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը՝ մեկնաբանելով Շահրամանյանի՝ Արցախի նախագահ ընտրվելը:
«Ամեն մարդ այս իրավիճակում չէր մտնի նման գործընթացի մեջ»,- նկատեց ընդդիմադիր պատգամավորը:
Նրա խոսքով, բոլոր ուժերը Արցախում, Հայաստանում և Սփյուռքում, որոնք գիտակցում են պահի լրջությունը և Արցախի և Հայաստանի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները, պետք է կենտրոնացնեն իրենց ողջ ջանքերը մեր գոյությունն այս տարածաշրջանում պաշտպանելու համար:
Ինչ վերաբերում է հարցին, թե արդյոք չի տեսնում վտանգ, որ Արցախում հետընտրական գործընթացներ սկսվեն, հաշվի առնելով այն, որ կոնկրետ մի քաղաքական ուժ դեմ էր Շահրամանյանին և սեփական թեկնածուն ուներ, Աբրահամյանը չբացառեց նման հուզումների հավանականությունը, հատկապես, որ որոշ դեմքեր Սահմանադրական կարգը տապալելուն ուղղված կոչեր էին հնչեցնում:
«Բայց այն մարդիկ, ովքեր դուրս են օրենքից և Սահմանադրությունից, նրանց համար կան համապատասխան գործիքակազմ միջոցներ ձեռնարկելու և նրանց նկատմամբ համապատասխան գործողություններ կիրառելու համար: Այս պայմաններում ցնցումներն Արցախում հակացուցված են և պետք չէ որևէ դեպքում թույլ տալ, որ իրադարձություններն այդ հունով զարգանան»,- շեշտեց Տիգրան Աբրահամյանը:
Արցախի Հանրապետության Ազգային Ժողովը պետնախարար Սամվել Շահրամանյանին ընտրեց հանրապետության նախագահ: Փակ գաղտնի քվեարկությանը մասնակցած 23 պատգամավորից նրա օգտին քվեարկել է 22-ը, մեկը՝ դեմ: