Հայ-ռուսական հարաբերություններում առկա լարվածությունն աճում է
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐՀայ-ռուսական հարաբերություններում առկա լարվածությունն աճում է ոչ թե օրերով, այլ ժամ առ ժամ։ Ռուսաստանից երեկ կրկին քննադատություն է հնչել հայ ամերիկյան զորավարժություններ անցկացնելու կապակցությամբ։ Կրեմլի պաշտոնական ներկայցուցիչ Դմիտրի Պեսկովը երկրորդ անգամ է անդրադարձել այդ զորավարժություններին, նշել, թե ստեղծված իրավիճակում նման զորավարժությունների անցկացումը չի նպաստում տարածաշրջանում իրավիճակի կայունացման փոխադարձ վստահության մթնոլորտի ամրապնդմանը, իսկ Ռուսաստանը շարունակում է կատարել անվտանգության երաշխավորի իր գործառույթները։ Պեսկովից բացի հայ-ռուսական հարաբերություների ծագած ճգնաժամին մեկ օրվա ընթացքում Ռուսատանին միանգամից 3 փոխնախարարներ են անդրադարձել, փաստել, որ տեսնում են ՆԱՏՕ-ի՝ ոչ միայն Ռուսաստանին, այլ նաև Ռուսաստանի հարևաններին՝ իր ազդեցության արատավոր գոտի ներքաշելու փորձերը։
Բոլոր այս արտահայտություններում ռուսական կողմն առայժմ փորձում է պահպանել դիվանագիտական ձևակերպումները և մեղմ տոներով Նիկոլ Փաշինյանին հասկացնել, որ չարժե սրել իրավիճակը, ինչը կարող է լուրջ հետևանքներ ունենալ ոչ միայն Հայաստանի գործող իշխանությունների, այլ նաև հենց Հայաստանի վրա։ Այս հանգամանքը, սակայն, Փաշինյանին առանձնապես չի հուզում, նա շարունակում է հակառուսական իր քաղաքականությունը։
Երեկ հայտնի է դարձել Ուկրաինա մեկնած Աննա Հակոբյանն, օրինակ, 1050 հատ գաջեթներ է նվիրել Ուկրաինային՝ որպես պատճառ նշելով, թե դրանք օգտագործվելու են երեխաների ուսման համար, մինչդեռ շատ փորձագետներ նշում են, որ այդ գաջեթներն, օրինակ, կարող են օգտագործվել դրոնների և այլ տեխնիկայի օգտագործման նպատակով։ Ի դեպ երեկ Գորիսում ձերբակալել են ռուսամետ բլոգեր Միկա Բադալյանին և «Սպուտնիկ Արմենիա» ռադիոկայանի աշխատակցին, ինչպես նաև ևս 3 հոգու՝ նրանց մեղադրելով զենք-զինամթերքի տեղափոխելու մեջ։ Թե՛ Ռուսաստանի դաշնությունը և թե՛ Ռուսաստանի դեսպանատունը և թե՛ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան արդեն անդրադարձել են այս միջադեպին, նշել, թե նման սադրանքներով առավել շահագրգռված է արևմուտքը։ Ռուսաստանի վերջին շրջանի նյարդային արձագանքը վկայում է, որ նրանք թույլ չեն տալու, որ Փաշինյանը մարսի իր հերթական հակառուսական արշավը։
Քնար Բաբայան