ՌԴ–ն փորձում է մեր տարածաշրջանը սակարկման առարկա սարքել՝ Թուրքիայի հետ իր տնտեսական շահերն առաջ տանելու համար․ Սիմոնյան
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՀայաստանը չէ, որ վատացնում է իր հարաբերությունները Ռուսաստանի հետ. Ռուսաստանն այսօր ուղղակի դուրս է գալիս մեր տարածաշրջանից, փորձում է մեր տարածաշրջանը սակարկման առարկա սարքել՝ Թուրքիայի հետ իր տնտեսական շահերն առաջ տանելու համար: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 6-ին, NEWS.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
Դիտարկմանը, որ ՀԱՊԿ-ը հայտարարել է, որ պատրաստ են գալ Հայաստան՝ դիտորդական առաքելությամբ, Ալեն Սիմոնյանն ասաց. «Նախ, իրենք դա արել են այն բանից հետո, երբ հայտնի դարձավ ԵՄ քաղաքացիական առաքելության մասին: Երկրորդը, ո՞րն է սահմանը ՀԱՊԿ-ի: ԵՄ-ն ճանաչում է մեր սահմանը, իսկ երբ մենք դիմեցինք ՀԱՊԿ-ին, իրենք մեզ ի՞նչ պատասխանեցին: Ասացին՝ սահմանը դեմարկացված չէ: Հարց՝ բա եթե այդ սահմանը չկա, բա նոյեմբերի 9-ի հայտարարությամբ մենք որտեղի՞ց էինք զորքերը դուրս բերում: Կամ ուրիշ հարց՝ եթե իրենք եկան, որտե՞ղ են կանգնելու, եթե նախապես հայտարարում են, որ չկա դեմարկացված սահման»:
Հարցին, թե արդյոք Հայաստանը գնում է դեպի ՆԱՏՕ, հատկապես, որ արդեն Եվրոպայից հնչում են նման արտահայտություններ, ԱԺ նախագահը պատասխանեց. «Մենք մի նպատակ ունենք՝ անվտանգություն ենք ուզում: Մենք ունենք առնվազն երկու լուրջ պայմանագիր, որոնցից մեկը հայ-ռուսական պայմանագիրն է, մյուսը ՀԱՊԿ-ի պայմանագիրն է: Բարի եղեք կատարեք: Հարցն այստեղ ՔՊ-ն չի, Ալենը չի, Ալենի հայտարարությունները չեն; Եղբայր, կատարեք ձեր պարտավորությունները, ի՞նչ ՆԱՏՕ: Դա գալիս է նրանից, որ սուրբ տեղը դատարկ չի մնում»:
Հարցին, թե ո՞ւմով եք ուզում լցնել այդ դատարկ տեղը, նա արձագանքեց. «Մեկ է՝ ումով, միայն մենք մեր ժողովրդին, մեր սահմանը կարողանանք պաշտպանել: Այնպես չլինի, որ դրա պատճառով հետագայում տուժենք, բայց այսօր ակնհայտ է, որ այն պաշտպանողական համակարգը, որ մենք պատկերացնում էինք մեր տարածաշրջանում կա, չի գործում: Թող իրենց ԱԳՆ ներկայացուցիչները գան, տանենք մեր Եռաբլուրը, Ծիծեռնակաբերդը, տանենք այն ընտանիքները, որտեղ ամեն օր երեխա է մեռնում: Էդ ինչե՞ր են խոսում, ո՞ւմ են ուզում խաբած լինեն»