Լաչինի ճանապարհը փակողներից մեկը եղել է Փաշինյանը. Այն բացելու բանալիներից մեկը նաև նրա ձեռքում է. Սաղաթելյան
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԱկնհայտ է, որ Լաչինի ճանապարհը փակվել է եւ ճանապարհը փակողներից մեկը եղել է Նիկոլ Փաշինյանը: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 2-ին, Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:
«Ճանապարհը բացելու բանալիներից մեկը գտնվում է նաեւ Նիկոլ Փաշինյանի ձեռքում: Այս իմաստով, այո, բեկում մտցնելու համար շատ անհրաժեշտ է, որ Նիկոլ Փաշինյանը հրաժարվի իր այդ ոչ լեգիտիմ, ապօրինի, ազգադավ հայտարարությունից»,-ասաց նա:
Հարցին, թե ի՞նչ նկատի ուներ, երբ դիմադրության շարժման ժամանակ հայտարարում էր, որ Նիկոլ չկա, Սաղաթելյանը պատասխանեց. «Նկատի ունեի, որ Նիկոլը չի արտահայտում հայ ժողովրդի հավաքական կամքը, իր գլխավոր հենարանը ուժային կառույցներն են: Եթե կարողանայինք մեր թիվը եւ ճնշումը ավելացնել, Նիկոլի չլինելը կֆիքսվեր դե յուրե: Հենց այստեղ է մեր դժբախտությունը, որ Նիկոլ Փաշինյանը շարունկում է ներկայացնել Հայաստանը եւ երկիրը բերել, հասցրել է այս իրավիճակին: Մենք պայքարում էինք, որ այս օրվան չհասնենք: Մենք անդադար պայքարելու ենք, որ Փաշինյանի հեռացումը իրականություն դառնա»:
Ինչ վերաբերում նրան, թե արդյոք կարող է հստակ ժմկետ նշել, թե Նիկոլ Փշինյանը երբ է հեռանալու, ընդդիմադիր գործիչն արձագանքեց. «հստակ մի բան կարող եմ ասել, որ սա մեր ոչ առաջին, ոչ էլ վերջին հանրահավաքն է: Մենք հետ չենք կանգնելու, շարունակելու ենք պայքարը, չենք լռելու, չենք համակերպվելու, սա լինել-չլինելու պայքար է: Վերջնական արդյունքի հասնելու համար անհրաժեշտ է մեր ժողովրդի լայն զանգվածների, անհաղթահարելի ուժի ներկայությունը Երեւանի փողոցներում եւ հրապարակներում»: