ԱԺԲ-ն որոշել է Ազատության հրապարակը սեպտեմբերի 2-ի երեկոյան զիջել ՀՅԴ միջոցառմանը
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՍ․/թ․ օգոստոսի 28-ին տեղի է ունեցել հանդիպում ՀՅԴ և ԱԺԲ ներկայացուցիչների միջև. Հաշվի առնելով, որ սեպտեմբերի 2-ի համար Ազատության հրապարակն արդեն իսկ ամրագրված է եղել Բևեռի ամենօրյա միջոցառումների համար, քննարկվել է նույն օրը նույն վայրում ՀՅԴ կողմից հանրահավաք անցկացնելու հարցը։ Այս մասին ասվում է Ազգային-ժողովրդավարական Բևեռիի հայտարարության մեջ:
Հայտարարությունում նաեւ նշվում է. «Ազգային-ժողովրդավարական Բևեռը, առաջնորդվելով ժողովրդավարության սկզբունքներով և ընդառաջելով ՀՅԴ խնդրանքին, որոշել է Ազատության հրապարակի սեպտեմբերի 2-ի երեկոն զիջել ՀՅԴ միջոցառմանը։ Այսուհանդերձ, Ազգային ժողովրդավարական Բևեռն ընդգծում է, որ չի կիսում, այսպես կոչված, «Անկախ Արցախի» հայեցակարգը։
Ինչպես ցույց է տվել նախորդ տասնամյակների դառը փորձը, այդ հայեցակարգը ոչ միայն անպտուղ է և փակուղային, այլև պառակտիչ ու վտանգավոր։
Ազգային-ժողովրդավարական Բևեռը մնում է միասնական հայրենիքի իր դավանած սկզբունքներին հավատարիմ և գտնում է, որ Արցախի հարցը պետք է լուծվի միջազգային իրավունքի հիման վրա, Արդարադատության միջազգային դատարանի ընդգրկումով, Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության վերականգնման շրջանակում։
Միևնույն ժամանակ, տեղեկացնում ենք, որ Բևեռը պահպանելու է օրեր ի վեր սկսած իր շուրջօրյա ներկայությունը Ազատության հրապարակում նաև սեպտեմբերի 2-ին։
Ուստի, կոչ ենք անում մեր համախոհներին, ինչպես նաև Ազատության հրապարակում այդ օրը բոլոր գտնվողներին, դրսևորել զսպվածություն և հայեցակարգային տարբերությունները, և այլ հարցեր, չդարձնել քննարկման կամ բանավեճի առարկա։
Կեցցե՜ ազատ, անկախ և միացյալ Հայաստանը։